Մատչելիության հղումներ

logo-print

Արձանագրությունների նախաստորագրումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «կարեւոր հանգրվան» է



Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով արձանագրությունների նախաստորագրումը «կարեւոր հանգրվան» է:

«Սա բարդ պրոցես է, որը պահանջում է տքնաջան աշխատանք եւ ջանքեր երկու կողմից: Եվ եթե երկու կողմից էլ կա ցանկություն, որ պետք է կարգավորել հարաբերությունները, բացել սահմանը, նոր էջ բացել մեր հարաբերությունների մեջ... Այդ ցանկությունը ունի Հայաստանը», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նալբանդյանը՝ հավելելով, թե գործընթացը ավարտին հասցնելու ցանկություն ունի նաեւ Թուրքիան:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա հայտարարությունը, թե «պայմանավորվածություններից ոչ մեկը կյանքի չի կոչվի առանց թուրքական խորհրդարանի վավերացման» եւ հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ անգամ հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրվելու եւ Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնելու դեպքում Թուրքիայի խորհրդարանը չի տապալի արձանագրությունների վավերացումը, Հայաստանի արտգործնախարարը, թեեւ չբացառեց նման զարգացումների հնարավորությունը, արձանագանքեց. - «Այս հայտարարություններին աջակցություն է հայտնում ամբողջ աշխարհը: Ուրեմն մենք պատրաստ ենք գնալ այս ճանապարհով, կտեսնենք, թե Թուրքիան ինչպես կիրականացնի: Հուսով ենք, որ մենք կշարունակենք այս ճանապարհը եւ կգանք բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը»:

Հայաստանում հնչող ամենամեծ մտահոգությունը կապված է պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման հետ, որի կազմավորումն իսկ, շատերի կարծիքով, վտանգի տակ է դնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս առնչությամբ նախարար Նալբանդյանն ասաց. - «Ինչ վերաբերում է ենթահանձնաժողովին, այստեղ հստակորեն գրված է՝ ենթահանձնաժողովը զբաղվելու է երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնման հարցով՝ պատմական հարթության երկխոսության հիման վրա: Եթե դուք հատուկ ուզում եք այդ հարցը քննարկենք, մենք այդպիսի հարց չենք դրել, եւ երբեւէ այդպիսի հարց չի դրվել, որ մենք պետք է քննարկենք 1915 թվականի կամ Ցեղասպանության հարցը»:

Ի պատասխան երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչման դրույթին վերաբերող հարցին՝ արտգործնախարարը ասաց. - «Փաստաթղթերում շատ պարզ ձեւով ասված է, որ կողմերը հարգում են միջազգային պայմանագրերով ամրագրված միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները: Այսինքն՝ սա է: Այնտեղ Կարսի պայմանագրի մասին որեւէ հիշատակում չկա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի եւ իր հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այլեւս չի կապում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, Նալբանդյանը պատասխանեց. - «Ես վստահ եմ, որ մենք չենք կապում, ես վստահ եմ, որ եռանախագահող երկրները չեն կապում, ես վստահ եմ, որ ամբողջ աշխարհը այդպես է ընկալում: Եթե անգամ Թուրքիան ուրիշ ձեւի է ընկալում, դա որեւէ նշանակություն չի ունենում, որովհետեւ դա միայն Թուրքիայի ընկալումներն են: Բազմիցս ասել ենք՝ որեւէ կապակցվածություն Ղարաբաղի հարցը չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG