Մատչելիության հղումներ

«ժառանգություն»-ը «խայտառակ պարտություն» է որակում հայ-թուրքական համաձայնությունը


Արմեն Մարտիրոսյանը (աջից) եւ «ժառանգություն» խմբակցության պատգամավորներից Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսում: 5-ը հունիսի, 2009 թվական:
Արմեն Մարտիրոսյանը (աջից) եւ «ժառանգություն» խմբակցության պատգամավորներից Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսում: 5-ը հունիսի, 2009 թվական:

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի դիվանագիտական «խայտառակ պարտություն» որակեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները:

«Սա չի բխում Հայաստանի Հանրապետության պետական շահերից, չի բխում ազգային շահերից: Դրա փոխարեն շատ լավ բխում է Թուրքիայի շահերից, եւ Թուրքիան, ըստ էության, բոլոր այն նախապայմանները, որ ի սկզբանե ուներ, կարողացավ այս արձանագրության մեջ իրականացնել, ինչը չկարողացավ իրականացնել Հայաստանը», - ասաց Մարտիրոսյանը:

Նշելով, որ «Ժառանգություն»-ը ավելի ուշ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ կուսակցության ղեկավար անդամը, միեւնույն ժամանակ, «ընդամենը բառախաղ» որակեց փաստաթղթի որոշ ձեակերպումներ:

Թուրքական կողմի բոլոր երեք նախապայմանները, նրա խոսքով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդգրկված են բանաձեւերում. առաջինը սահմանների ճանաչման խնդրի հստակ ամրագրումն է, երկրորդը, որ նույնպես անընդունելի է «Ժառանգության» համար, հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթն է:

«Հենց այդ ենթահանձնաժողովն է, որ զբաղվելու է Ցեղասպանության հարցով: Պատմաբանների հանձնաժողով է լինելու փաստորեն», - ասաց նա: - «[Հայաստանի] իշխանությունները իրենք կասկածի տակ չեն դնում [Ցեղասպանության փաստը], բայց, եթե թույլատրում ենք, որ նման հանձնաժողով ստեղծվի, ապա այդ դեպքում կասկածի տակ են դնելու մնացած բոլորը»:

Երրորդը, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, հետեւյալն է. թեեւ Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթերում որեւէ հիշատակում չկա, սակայն այլ պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու պարտավորությունների ամրագրումը վտանգ ներկայացնում է այս առումով:

Հարցին, թե ինչպես է ընդդիմադիր կուսակցությունն արտահայտելու իր մտահոգությունները, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե իրենց հետագա անելիքը դեռ հստակեցվում է:

Դիտարկմանը, թե «Ժառանգության» մտահոգությունները առնվազն երկու դրույթի շուրջ համընկնում են Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության մտահոգություններին, եւ հարցին, թե հնարավոր է, որ միասնաբար գործեն, պատգամավորը արձագանքեց. - «Ես չեմ բացառում»:

Հարցին, թե հնարավոր է, որ պահանջեն նախագահի հրաժարականը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. - «Այս պահին ես չէի փորձի իրադարձություններից առաջ ընկնել: Համենայն դեպս, չեմ կարծում, որ սա արտաքին գործերի նախարարի հրաժարականը պահանջելու խնդիր է: Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ արտաքին հարաբերությունների կարգավորման ամբողջ դաշտը նախագահի պատասխանատվության տակ է: Բացառապես նախագահի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG