Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը ներկայացավ իրավապահներին


Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը չորեքշաբթի օրը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»։ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով նախատեսված պատիժը ազատազրկումն է 4-ից 10 տարի ժամկետով։

Հատուկ քննչական ծառայությունից Խաչատուր Սուքիասյանը տեղափոխվեց «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ դեռեւս հետախուզման մեջ գտնվելիս խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց նրա փաստաբան Արթուր Գրիգորյանը, պատգամավորի ներկայանալուց հետո 72 ժամվա ընթացքում քննչական ծառայությունը պետք է կալանավորման հարցի վերաքննարկման միջնորդություն ներկայացնի դատարանին, կամ ազատ արձակի պատգամավորին։

«Այսինքն՝ պարոն Սուքիասյանը կամ պետք է կալանավորվի դատական կարգով, կամ՝ ազատ արձակվի։ Ազատ արձակվելու պարագայում քննչական մարմինը կարող է մեկ այլ՝ անազատության մեջ պահելու հետ կապ չունեցող խափանման միջոց եւս ընտրել։ Բայց եթե կմիջնորդեն, որպեսզի կալանք ընտրվի որպես խափանման միջոց, մենք, բնականաբար, պիտի ներկայացնենք համապատասխան առարկություններ եւ ձգտենք հասնել նրան, որ մեր պաշտպանյալն ազատ արձակվի», - պարզաբանեց փաստաբանը։

Հատուկ քննչական ծառայության «մարտի 1-2»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ քննչական մարմինը մտադիր է 72 ժամվա ընթացքում դիմել դատարան` Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկնակի քննության առնելու միջնորդությամբ։

Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշմամբ հայտարարված համաներումը Խաչատուր Սուքիասյանի վրա չի տարածվի, քանի որ պատգամավորը քննչական մարմիններին ներկայացել է ԱԺ որոշմամբ սահմանված ժամկետից՝ հուլիսի 31-ից ուշ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը Հատուկ քննչական ծառայություն ներկայացավ հենց հիմա, երբ համաներումը նրա վրա այլեւս չի տարածվում, պատգամավորի փաստաբանը պատասխանեց. - «Պարոն Սուքիասյանը մինչեւ հուլիսի 31-ը չներկայացավ, որովհետեւ ինքը որեւէ հանցագործություն չի կատարել, հետեւապես, համաներման ակնկալիքը չէր, որ պիտի իր համար ներկայանալու շարժառիթ լիներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG