Մատչելիության հղումներ

Սպա Անդոկ Գալստյանը իրեն մեղավոր է ճանաչել


Վայքի զորամասի վաշտի հրամանատար Անդոկ Գալստյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել նույն զորամասի շարքային Արամ Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ եւ իրեն մեղավոր է ճանաչել: Այդ փաստը չորեքշաբթի օրը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի տարածած հայտարարությունում ասված է. - «Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Վայքի զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանը: Նույն օրը Արամ Մկրտչյանը վիրահատվել է եւ տեղափոխվել հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Սեպտեմբերի 1-ի առավոտյան` ժամը 08.05-ին, Արամ Մկրտչյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական դիրքի չարաշահում եւ իշխանազանցություն) քրեական գործ է հարուցվել Վայքի զորամասի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ` վերջինիս կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ: Օգոստոսի 29-ին կապիտան Անդոկ Գալստյանը ձերբակալվել է:

2009 թվականի սեպտեմբերի 1-ին 8-րդ կայազորային քննչական բաժնում գործը վարող քննիչի միջնորդությամբ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Կապիտան Անդոկ Գալստյանը` որպես մեղադրյալ, հարցաքննության ընթացքում ինքնախոստովանական մանրամասն ցուցմունք է տվել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ եւ իրեն մեղավոր ճանաչել:

Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնում կատարվում է Արամ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները կհրապարակվեն:

Նախաքննությունը շարունակվում է»:
XS
SM
MD
LG