Մատչելիության հղումներ

Փորձագետները կանխատեսում են արձանագրությունների վավերացման ձգձգում Թուրքիայի խորհրդարանում


Հայաստանյան փորձագետները, ընդհանուր առմամբ համակարծիք են, որ թուրքական խորհրդարանը փորձելու է ձգձգել երկուշաբթի հայ-թուրք-շվեյցարական համատեղ հաղորդագրությամբ հայտարարված երկկողմանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացումը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանադարյանի կարծիքով, մասնավորապես, ի վերջո Թուրքիայի խորհրդարանը կվավերացվի այդ փաստաթղթերը. - «Մեծ հաշվով, կասկածները քիչ են, որ հայ եւ թուրք պաշտոնյաները չեն ստորագրի արդեն նախաստորագրված արձանագրությունները, այլապես անիմաստ կլիներ հրապարակել այդ փաստաթղթերը։ Ինձ թվում է, որ, հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանում առկա կոալիցիա-ընդդիմություն ուժերի հարաբերակցությունը, արձանագրությունների վավերացումը մեր օրենսդիր մարմնում հնարավոր կլինի, եթե լինի քաղաքական կամք։ Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանի կողմից այդ փաստաթղթերի վավերացմանը, ապա պետք է նշեմ, որ անգամ հրապարակված փաստաթղթերից երեւում է` կա տեսական հնարավորություն, որ թուրքական խորհրդարանը կարող է երկարաձգել փաստաթղթերի վավերացումը` այն դարձնելով երկարատեւ գործընթաց»։

Թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով, Թուրքիայի Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման ձգձգումը ծրագրված է ի սկզբանե։ Շաքարյանի կարծիքով, հայ-թուրքական բանակցությունների որեւէ կարեւոր փուլի ժամանակ Թուրքիայի օրենսդիր մարմինը կանի մեկ քայլ առաջ, որպեսզի ցույց տա միջազգային հանրությանը, թե Անկարան անում է իրենից կախված ամեն ինչ` հարաբերությունները նորմալացնելու համար։ Սակայն այն պահին, երբ Անկարային պետք լինի ճնշում գործադրել Երեւանի կամ միջազգային հանրության վրա, խորհրդարանական քննարկումների, Ազգային ժողովի ամենատարբեր հանձնաժողովներում բանավեճերի միջոցով կարող է ձգձգել արձանագրությունների վավերացումը։

«Այսպիսով կարելի է ավելի շատ զիջումներ կորզել թե՛ Հայաստանից, թե՛ Միացյալ Նահանգներից», - գտնում Շաքարյանը։

Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նմանօրինակ կարծիք էր հայտնել նաեւ թուրքական Hurriyet Daily News անգլալեզու թերթի խմբագիր Բարչին Յինանչը։

«Այս պահին դժվար է պատկերացնել, որ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, եթե Լեռնային-Ղարաբաղի հարցում առաջընթաց չգրանցվի», - ասել էր Բարչին Յինանչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG