Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Վենետիկի 66-րդ միջազգային կինոփառատոնը


Վենետիկի Լիդո կղզում չորեքշաբթի օրը մեկնարկում է Կաննի փառատոնից հետո աշխարհի ամենահայտնի` Վենետիկի 66-րդ միջազգային կինոփառատոնը:

Առաջիկա տասը օրերի ընթացքում այստեղ էկրան կբարձրանան հանրաճանաչ ռեժիսորների շուրջ 8 տասնյակ ժապավեններ` ավելի քան 30 երկրներից:

Մրցութային ծրագրում այս տարի ռեկորդային մեծ թիվ են կազմում ամերիկյան եւ իտալական ֆիլմերը, եւ փառատոնի մեկնարկը տալու պատիվը նույնպես, վերջին 20 տարիներին առաջին անգամ, վերապահված է իտալացիներին. աշխարհի ամենահին կինոփառատոնը կմեկնարկի Ջուզեպե Տորնատորեի «Բաարիա» ֆիլմով, որը փոքրիկ պատմություն է ռեժիսորի հայրենի քաղաքում ապրող մեկ ընտանիքի երեք տարբեր սերունդների մասին:

«Բաարիան քաղաք է Սիցիլիայում, որտեղ մարդկային կյանքը ընթանում է մի քանի հարյուր մետր երկարությամբ փողոցի վրա, սակայն եթե տարիներ շարունակ այդ փողոցով վերուվար անես` կսովորես բաներ, որ չես գտնի ոչ մի տեղ աշխարհում», - ասում է Ջուզեպե Տորնատորեն:

Ֆիլմում նկարահանվել է իտալական ժամանակակից կինոարտադրության գրեթե ողջ էլիտան, եւ թերեւս դա է պատճառը, որ սիցիլիական փոքրիկ քաղաքի պատմությունը պատմելու համար պահանջվել է հիրավի հոլիվուդյան գումար` շուրջ 30 միլիոն եվրո: Ներդրված միջոցները, սակայն, արդարացրել են իրենց, պնդում են քննադատները:

«Առաջին անգամ, երբ տեսա Տորնատորեի այս ֆիլմը, ծիծաղեցի եւ լաց եղա 14 տարեկանի պես», - ասում է կինոփառատոնի ղեկավար Մարկո Մյուլլերը եւ մանրամասնում. - «Սա մի ֆիլմ է, որը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է խոշոր գումարներ ներդնել ռեժիսորների երազած ծրագրերում»:

«Մրցութային ֆիլմերը ընտրելիս մենք, եթե առաջնորդվում ենք չափանիշով, ապա` մեկով, որպեսզի ֆիլմը գրավի հանդիսատեսին», - ասում է փառատոնի տնօրենը եւ ընդգծում. - «Ես թերեւս երբեք այսքան չեմ ազդվել մրցուցային ժապավեններից, որքան այս տարի»:

Փառատոնի ամենաազդեցիկ եւ սկանդալային ֆիլմերից մեկը հավակնում է դառնալ ամերիկացի վավերագրող Մայքլ Մուրի` «Կապիտալիզմ. սիրո պատմություն» ժապավենը, որը պատմում է ոչ միայն ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլեւ այն մարդկանց մասին, որոնք դրանից օգուտներ եւ շահույթներ են կորզում:

«Ես եկել եմ պարզելու` ինչից եւ ում մեղքով առաջացավ այս ճգնաժամը», - ֆիլմում հետաքրքրվում է օսկարակիր ռեժիսորը, ով նախորդ տարիներին արժանացել է նաեւ Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին` 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչության մասին վավերագրության համար:

Ֆինանսական ճգնաժամի արդյունքում, այս տարի էականորեն կրճատվել են նաեւ փառատոնի ծախսերը. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մշակութային ծրագրերի իրականացման համար տրամադրել է 11 միլիոն եվրո` նախապես խոստացած 60 միլիոնի փոխարեն: Փառատոնի կազմակերպիչները, սակայն, հավաստիացնում են, որ սուղ միջոցներից գլխավոր մրցանակի` «Ոսկե առյուծի» փայլը ամենեւին չի խամրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG