Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկուշաբթի օրը ձեռք բերված համաձայնությունը հեռու է հարաբերությունները արժանապատվորեն կարգավորելու հնարավորություն լինելուց, ինչպես հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

«Բանակցային գործընթացում թույլ տրված անշրջահայաց, անգրագետ քայլերի պատճառով ձեւակերպվել է մի օրակարգ, որը ամենեւին Հայաստանի օգտին չէ: Սկիզբ է դրվում մի գործընթացի, որտեղ հայկական շահերի հետամտումը լուրջ խոչընդոտների է հանգելու, եւ, բնականաբար, նման գործընթացը երբեւէ չի կարող երկար կյանք ունենալ` վաղ թե ուշ հասարակության կողմից դրանց դեմ գնալու պատճառով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Անկեղծ ասած, իմ մոտ այն տպավորությունն է, որ արձանագրությունները գրել են բացառապես թուրքական կողմի ներկայացուցիչները` հայկական կողմի պասիվ մասնակցության պայմաններում», - ընդգծեց Սաֆարյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ հրապարակված արձանագրությունները հաստատելու եկան, որ սկսած միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներից, վերջացրած Հայաստանի իշխանություններով` ստել են, թե գնում է առանց նախապայմանների գործընթաց»:

Իրականում, ըստ նրա, «թուրքական կողմի երեք հայտնի նախապայմաններից երկուսը` ուղղակիորեն, մեկը` անուղղակիորեն ամրագրված է բանաձեւերում». - «Առաջին նախապայմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս սահմանի եւ դրա համար հիմք ծառայած միջազգային պայմանագրերի ճանաչումն է` խոսքը վերաբերում է, բնականաբար, Կարսի պայմանագրին, երկրորդ պայմանը Ցեղասպանության խնդիրը բացառապես պատմական հարթության վրա քննարկելու եւ երկարաժամկետ շոուի վերածելու հեռանկարն է, որով վիժեցվում է պատմական փաստի միջազգայնորեն ճանաչման որեւէ հեռանկար, եւ երրորդը Ղարաբաղյան հակամարտությունն է. որքան էլ միջազգային հանրությունը փորձ արեց թուրքերի դիրքորոշումը առանձնացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, ակնհայտ է, որ այս համաձայնագրում թվարկված սկզբունքների վերահաստատումից, նման սկզբունքների ամրագրումից հետո, կարծեք թե, ուրվագծվում է մի շրջանակ, որտեղ Հայաստանը, համաձայն նաեւ այս մի փաստաթղթի, պարտավոր է քաղաքականություն որդեգրել նաեւ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»:

Համաձայն Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հաղորդագրության` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու հարաբերությունների զարգացման վերաբերյալ նախաստորագրված երկու արձանագրությունները ներքին քաղաքական խորհրդակցություններից հետո պետք է ներկայացվեն խորհրդարանների վավերացմանը: «Եթե իրոք փաստաթուղթը նման վտանգ է պարունակում, ապա Ազգային ժողովը հնարավորություն ունի չվավերացնել այն», - «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Ստեփան Սաֆարյանը արձագանքեց. - «Այս խորհրդարանը երբեք չի կարող դեմ գնալ առաջին դեմքին, եթե առաջին դեմքը երկրի գովաբանում է այս փաստաթուղթը եւ սա ներկայացնում է որպես արժանապատիվ հարաբերություններ սկսելու փորձ»:

«Այստեղ արժանապատվության նշույլ անգամ չի երեւում», - ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG