Մատչելիության հղումներ

Խավիեր Սոլանան ողջունում է հայ - թուրքական համաձայնությունը


Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան երեքշաբթի օրը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախօրեին ձեռք բերված համաձայնությունը:

«Ես ողջունում եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջև երեկ ձեռք բերված համաձայնությունը` սկսելու ներքին քաղաքական խորհրդակցություններ այն արձանագրությունների վերաբերյալ, որոնք կազմում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման շրջանակը», - ասված է Սոլանայի հայտարարությունում, որը տրամադրել են Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունից: - «Սա էական քայլ է երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որը մեծապես կնպաստի Եվրոպայի այդ կարեւոր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը»:

«Գովեստի է արժանի երկու կողմերի քաջությունն ու հեռատեսությունը` առաջնորդվելու այս պատմական գործընթացով», - հայտարարել է Խավիեր Սոլանան` հույս հայտնելով, որ երկու արձանագրությունները կստորագրվեն, կվավերացվեն եւ կիրականանան առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG