Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը նշեց Անկախության տոնը



Լեռնային Ղարաբաղը սեպտեմբերի 2-ին նշեց իր անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Տոնի առթիվ լրագրողներին մեկնաբանություններ տվեցին Լեռնային Ղարաբաղի ներկա եւ նախկին 3 նախագահները։

Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նշեց. - «Իհարկե, լավ է տրամադրությունը, հատկապես երբ տեսնում ես, որ ամեն ինչ ընթանում է բավական հուսալի ուղղությունով»։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են, եւ այս փուլում բանակցությունների հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքներում դրույթ կա Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը պատկերացնում այս գործընթացը եւ ի՞նչ սահմաններում է իրականացվելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Սահակյանը, մասնավորապես, ասաց. - «Երբ նման հարց են ուղղում ինձ՝ վերջնականապես ինչպե՞ս է Արցախը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավա՞ր Մարզի տարածքների շրջանակներում, թե դրանից դուք, պետք է ասեմ՝ մենք Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը տեսնում ենք (եւ այլ կերպ չի կարող լինել)՝ ոչ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքների շրջանակներում»։

Լեռնային Ղարաբաղի նախագահը նաեւ ասաց, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը աշնանը չի կարող ակտիվանալ՝ քանի դեռ հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղը, բանակցային գործընթացին չի մասնակցում։

«Եվ միայն բանակցային գործընթացի ձեւաչափը վերականգնելուց հետո մենք կարող ենք խոսել ակտիվ ժամանակաշրջանի մասին», - հայտարարեց Բակո Սահակյանը։

Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը։ Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարեւորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

«Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը բոլոր այս տարիներին եղել եւ միշտ մնալու են Արցախի հուսալի թիկունքը», - ընդգծում է Հայաստանի նախագահը` հավաստիացնելով, որ «Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման որեւէ լուծում լինելու է առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ եւ ազատ կամարտահայտմամբ»։

Հայաստանի ընդդիմադիր «ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Այսօր Արցախն իր կայացող պետական ու հասարակական կառույցներով եւ զարգացման հուսադրող տեմպերով աշխարհի հայության պարծանքն է: Ավաղ, Հայաստանի Հանրապետության 2007-2008 թվականների կոալիցիոն իշխանությունները անհեռատեսորեն տապալեցին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 2007 թվականի օրենսդրական նախաձեռնությունը` իբրեւ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունների մասնակի, բայց միջազգային ճանաչմանն ընդառաջ գործընթաց եւ այդ բոլոր չճանաչված հանրապետությունների նախակարապետ Արցախի միջազգային ճանաչման մեկնարկային քայլ»:

Այդուհանդերձ, ինչպես շեշտում է ընդդիմադիր կուսակցությունը, «անկախ կորսված հերթական պատմական հնարավորությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն անհերքելի պատմական իրողություն է, իսկ պետականությունը` միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող»:

Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հանրահավաք է հրավիրել Երեւանի կենտրոնում:

«Այսօր, բանակցությունների նորօրյա ակտիվացման պայմաններում մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ժողովրդի հաղթանակին եւ ստիպել հարգելու Արցախի ինքնորոշման փաստը; մերժել մեզ պարտադրվող ցանկացած զիջում; պահանջել բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ», - ասված էր, մասնավորապես, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի` մեկ շաբաթ առաջ տարածած հաղորդագրությունում: - «Դրսեւորենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը ԼՂՀ անկախության եւ անվտանգության պաշտպանության հարցում, կանխենք հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վտանգավոր ընթացքը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG