Մատչելիության հղումներ

«Ես մարդ եմ» փառատոնը նորից կգա Հայաստան


«Ես մարդ եմ» փառատոնի լոգոն

«Ես մարդ եմ» փառատոնի լոգոն

«Աշխարհը մեկն է եւ կինոյի լեզուն սահմաններ չի ճանաչում»: Այս կարգախոսով են առաջնորդվում հարավկովկասյան ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները: Փառատոնը կոչել են «Ես մարդ եմ»` հիմքում դնելով խաղաղության եւ մարդու իրավունքների թեմաները:

Այս տարի այն անցկացվելու է 3-րդ անգամ` Հայաստանում կատարելով իր երկրորդ պտույտը:

Ամեն տարի փառատոնի 11 հոգանոց ժյուրին մարդու իրավունքների չեխական «Մեկ աշխարհ» կինոփառատոնից ընտրում է 10-12 վավերագրական ֆիլմեր, որոնք էլ կազմում են հարավկովկասյան փառատոնի ֆիլմացանկը: Տարածաշրջանի տարբեր բնակավայրերում յուրաքանչյուր համակազմակերպիչ նշված ֆիլմերից ընտրում է 6-ը եւ կազմում ցուցադրությունների եռօրյա ծրագիր:

Երեւանի պետական համալսարանի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի նախաձեռնությամբ «Ես մարդ եմ» փառատոնն այս տարի նույնպես կհյուրընկալվի Երեւանում: Ֆակուլտետում ֆիլմերի ցուցադրությունից բացի, նախատեսել են զուգահեռ անցկացնել նաեւ ուսանողական էսսեների եւ պաստառների մրցույթ մարդու իրավունքերի, հանդուրժողականության եւ «ես»-ի կայացման վերաբերյալ:

«Ես մարդ եմ» փառատոնի գաղափարը ծագել է դեռ 2005թ-ին եւ իրականություն դարձել Բաց հասարակություն-Վրաստան հիմնադրամի ու գերմանական «Հենրիխ Բել» հիմնադրամի ջանքերով: «Աշխարհի տարբեր վայրերում ապրող մարդկանց ճակատագրերում, խաղաղության եւ արդարության համար մղվող նրանց պայքարում կովկասյան հանդիսատեսը կարող է տեսնել իրեն», - կարծում են կազմակերպիչները, ովքեր իրենց շարժական փառատոնն այս տարի կուղարկեն տարածաշրջանի 25 բնակավայրեր:

Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 7-ին ադրբեջանական Շեկի քաղաքում, այնուհետեւ մոտ 2 ամիս հետո կամփոփվի Քութայիսիում: Երեւանում այն կհյուընկալվի հոկտեմբերի 9-11-ը: Հրանտ Ավանեսյանը պատահական չի ընտրել այս եռօրյան. հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է:

Մինչեւ մայրաքաղաք հասնելը փառատոնը կունենա եւս 5 հայկական կանգառներ` սեպտեմբերի 10-12-ը Եղեգնաձորում, 14-16-ը Նոյեմբերյանում, 18-20-ը՝ Վանաձորում, 22-24-ը՝ Կապանում եւ 28-30-ը՝ Ստեփանակերտում:

Ռազմիկ Սարդարյանը Վանաձորում գործող «Երիտասարդական ալիք» կազմակերպության նախագահն է: Փառատոնն իրենց քաղաքում արդեն կազմակերպում են երկրորդ անգամ: «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում նա պատմեց, որ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայանալիք եռօրյա ցուցադրություններից հետո քննարկումներ են նախաձեռնելու:

Ի դեպ, էկրանից մարդու իրավունքների ու խաղաղության մասին կխոսեն ոչ միայն մարդիկ. վավերագրական ֆիլմերի այս փառատոնում այս տարի ընգրկված է մի մուլտֆիլմ, որ կոչվում է «Ընձուղտն անձրեւի տակ»:
XS
SM
MD
LG