Մատչելիության հղումներ

Վաղ առավոտից երկրում տրամադրությունը տոնական է, առատ են ծաղիկները, շնորհավորանքները. Գիտելիքի օրը նշվում է ուսումնական տարվա մեկնարկով։

Սեպտեմբերի 1-ը առաջին հերթին աշակերտների տոնն է, հատկապես նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են դասագրքով դաս սովորելու, մատյանում գնահատական ստանալու։ Շուրջ 36 հազար առաջին դասարանցիներ այսօր կոկիկ հագնված, ծանր պայուսակով, շփոթված ու մի քիչ էլ հուզված գնացին առաջին դասին։

Սեպտեմբերի 1-ը առանձնակի տոն է նաեւ նրանց համար, ովքեր առաջին անգամ պիտի ստուգման գրքույկ ստանան, հասցնեն գրել դասախոսի երկարաշունչ դասախոսությունները, ի վերջո ստուգարք, քննություն ու լուծարք հանձնեն։ Աշակերտից մինչեւ ուսանող ճանապարհն ընդամենը ամառային 3 ամիս է, բայց զգացողությունը հստակ` էլ երեխա չես։

Սեպտեմբերի 1-ը 10 տարի հետո դպրոցում դիմավորելուց հետո այս տարի մի քանի հազար երիտասարդ ուսանողի կարգավիճակ ձեռք բերեցին ու հիմա բուհում պիտի շարունակեն ուսումը։

Գիտելիքի օրը յուրաքանչյուր ուսումնական հաստատություն յուրովի է նշում։ Օրինակ, այսօր Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում նշում էին ոչ միայն նոր 2009-2010 ուսումնական տարվա սկիզբը, այլեւ երկար սպասված մարզահամալիրի եւ համալսարանին կից վարժարանի բացումը։
XS
SM
MD
LG