Մատչելիության հղումներ

Կալիֆորնիան շարունակում է պայքարել հրդեհների դեմ


ԱՄՆ-ի ամենահզոր ու ամենահայաշատ նահանգում` Կալիֆորնիայում հրդեհները չեն դադարել։ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` ամբողջությամբ հրկիզվել է 54 տուն, եւս 12 հազար տուն գտնվում է վտանգավոր գոտում։

«Սա մի կատաղած կրակ է: Քանի դեռ եղանակը չի փոխվում, ես շատ լավատես չեմ, սակայն կարող եմ հավաստիացնել, որ մեր հրշեջները կանեն հնարավորը հրդեհների հետագա տարածումը կանխելու համար», - ասել է ԱՄՆ-ի անտառների պահպանության դաշնային ծառայության պաշտոնյա Մայք Դիթրիխը։

Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 6400 հրշեջ, գործողությանը մասնակցում է 50 ուղղաթիռ։ Հրշեջների լրացուցիչ հաշվարկներ են տեղակայված Ուիլսոնի լեռան մոտ, որտեղ տեղադրված են հեռուստա- եւ ռադիոընկերությունների հաղորդակներն ու բջջային հեռախոսակապն ապահովող ալեհավաքները։

Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երկուշաբթի օրը այցելել է հրդեհից տուժած շրջաններ։

«Կրակը Կալիֆորնիայի հյուսիսից տարածվում է դեպի հարավային շրջաններ։ Այս պահին նահանգում մոլեգնում է 8 խոշոր հրդեհ։ Մեր հրշեջները հիրավի հերոսային մարտ են մղում», - ասել է նահանգապետը։

Զոհվել է երկու հրշեջ` 47-ամյա կապիտան Թեդմունդ Հալը եւ 35-ամյա շարքային Արնալդո Քուինոնեսը։ Նահանգի բնակիչներից մի քանիսը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, զոհերի մասին տեղեկություններ չկան։

Նահանգային իշխանությունները մարդկանց պարտադրում են անհապաղ հեռանալ առավել վտանգավոր գոտիներից։

Ազգային օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ` առաջիկա օրերին Հարավային Կալիֆորնիայում շոգը (զրոյից բարձր 38 աստիճան) եւ ցածր խոնավությունը կարող են է'լ ավելի նպաստել հրդեհների տարածմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG