Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ»


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Երկուշաբթի օրը հրապարակված արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին տալիս են հարեւան պետության հետ հարաբերությունները արժանապատվորեն կարգավորելու հնարավորություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին` Սերժ Սարգսյանը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նշել է, որ նախօրեին հրապարակված փաստաթղթերը արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը:

«Անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ես ասել եմ, թե ինչ նպատակներ եմ հետապնդել Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով: Հայաստանը մոտեցրեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը: Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարեւան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Կարծիք հայտնելով, որ նախօրեին հրապարակված արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք «արտացոլում են երեք առանցքային իրականություն». - «Առաջին. ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման: Երկրորդ. ինչպես եւ պնդում էինք, հայ - թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով: Երրորդ. առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները»:

«Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում ե'ւ Հայաստանում, ե'ւ Սփյուռքում: Պետք է մանրամասնեք եւ բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները` դրական եւ, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով», - դիվանագետներին ասել է նախագահը` հավելելով. - «Ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաեւ ակտիվ քննարկումներ ենք ունենալու Սփյուռքի հայկական համայնքներում եւ միջազգային հետազոտական կենտրոններում: Այդ առումով, ձեր խնդիրն է նաեւ ապահովել անհրաժեշտ հարթակներ` Հայաստանից գործուղվող բանախոսների հանդիպումների եւ ելույթների համար»:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Սերժ Սարգսյանը ասել է. - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ մեր բանակցությունները ընթանում են տեսանելի եւ միանգամայն հասկանալի տրամաբանության շրջանակներում: Մենք արդեն ունեցել ենք վեց հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրվել է Մայնդորֆյան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, եւ համանախագահները հանրայնացրել են Մադրիդյան սկզբունքների հիմնական ուրվագիծը: Ձեզ համար հրապարակվածի մեջ, վստահ եմ, նորություն չկար, բայց հանրությունն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերված եւ լսում պաշտոնական աղբյուրներից: Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ դրանցում չկար որեւէ կետ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրած չլինեինք մեր հանրությանը: Այդ փաստաթղթի հրապարակումը վկայեց, որ մենք երբեք չենք ստել եւ սեփական ժողովրդին մոլորության մեջ չենք գցել իրականում բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ»:

«Հասկանալի է, որ հրապարակվածի մեջ կային կետեր, որոնք տարբերվում են, որոշ պարագաներում սկզբունքորեն, մեր պատկերացրած իդեալական լուծումից: Բայց փաստ է նաեւ, որ բոլոր ներգրավված դերակատարներն արդեն քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտանգության երաշխավորման խնդիրները առանցքային են», - ընդգծել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. - «Ես շատ լավ հասկանում եմ Հայաստանում եւ Արցախում որոշ շրջանակների կողմից դրսեւորվող անհանգստության արմատները: Արցախի հիմնահարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կյանքն են դրել հազարավոր մեր հայրենակիցներ, որի համար մենք կրել ենք եւ շարունակում ենք կրել դժվարություններ, սակայն այն նաեւ մեր պատմության ամենահպարտալի էջերից է: Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է Արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության եւ ապագա սերունդների առջեւ: Ցանկացած այլ կարծիք կա'մ անտեղյակության արդյունք է, կա'մ մանր սպեկուլյացիա: Իսկ Արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպեկուլյացիաները»:

Նախագահը կարեւոր է համարել, որպեսզի Հայաստանը ներկայացնող դիվանագետները բացատրեն բոլորին, առաջին հերթին` իրենց հավատարմագրման երկրների պաշտոնյաներին, որ «խնդրի կարգավորումն օրերի, շաբաթների եւ ամիսների հարց չէ»:

«Բոլորը պետք է հստակ պատկերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամենը կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Նույնիսկ դրանց շուրջ համաձայնության գալու դեպքում բաց են մնում բազմաթիվ այլ սկզբունքներ, իսկ այնուհետեւ` բուն համաձայնագիրը, որով պետք է կարգավորվեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է», - շեշտել է Սերժ Սարգսյանը:

«Մեր առաջնահերթ խնդիրներն են այս փուլում` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում եւ հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից», - հայտարարել է նախագահը:

«Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդն եղել է գոյատեւման եւ ազատության համար պայքարող ժողովրդի դերում, եւ որեւէ մեկը իրավունք չունի ապրելու իր իրավունքը արյամբ պաշտպանած Արցախին «ագրեսոր» անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ եւ համոզիչ», - ասել է Սերժ Սարգսյանը` այդ խնդրին հրավիրելով հատկապես Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը. - «Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության շուրջ այդ կազմակերպությունում ընդունված եւ ընդունվող բանաձեւերի բացասական ազդեցությունը չեզոքացնելու հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG