Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին արտգործնախարար, 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո ձերբակալված եւ վերջերս ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ` Հայաստանը գտնվում է լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ:

«Հայաստանում կա լուրջ քաղաքական, քաղաքակրթական ճգնաժամ: Քանի դեռ դա լուծում չի ստացել, ուրեմն` հասարակությունը միշտ բողոք է արտահայտելու, իշխանությունը փորձելու է հասարակությանը, ինչ-որ գործողության իմիտացիա անելով, ցույց տալ, թե իբր հոգում է հասարակության կարիքների մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արզումանյանը:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ` «քանի դեռ չի ձեւավորվել լեգիտիմ իշխանություն Հայաստանում, քանի դեռ չի վերականգնվել սահմանադրական կարգը Հայաստանում` իրավիճակը միշտ լինելու է լարված»:

Հարցին, թե ի՞նչ քաղաքական աշուն է կանխատեսում, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. - «Ես սեզոնների չէի բաժանի: Շարունակվում է քաղաքական գործունեությունը, անշուշտ, բայց աշնան գալու հետ, գիտեք, որ Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 18-ին հրավիրում է մեծ հանրահավաք: Այսինքն` աշնան գալու հետ ավելանալու են հանրային միջոցառումները, հրապարակային միջոցառումները: Այդ առումով, թերեւս, կողքից նայողի համար, դիտորդի համար, ավելի ակտիվ գործունեություն կծավալի ընդդիմությունը»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին` նախկին արտգործնախարարը կարծում է, որ «այն, ինչ այսօր դրված է բանակցությունների սեղանին, անընդունելի է` ո'չ Հայաստանի Հանրապետության համար է ընդունելի, ո'չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, դրա համար, թերեւս, ընդդիմությունը, եւ Հայ ազգային կոնգրեսը` առաջին հերթին, պահանջում են իշխանությունների հրաժարական, որպեսզի հնարավոր լինի բեկում մտցնել բանակցային գործընթացում»:

Հարցին, թե ի՞նչ լուծումներ է տեսնում այս խնդիրների համար, նախկին արտգործնախարարը արձագանքեց. - «Իշխանությունը, եթե ուզում է, որ Հայաստանում իրոք իրավիճակ փոխվի, ապա միայն մեկ ուղի կա` պետք է անհապաղ հրաժարական տա, քանի դեռ չի տապալել վերջնականապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող խաղաղ բանակցությունները եւ չի հասցրել վերջնական կործանման Հայաստանի երրորդ հանրապետությունը»:

«Միակ լուծումը, միակ քայլը, որ կարող է իշխանությունը անել, եւ ես հորդորում եմ իշխանություններին այդ քայլը անել` հրաժարական տալ եւ անցկացնել ազատ, արդար, նորմալ ընտրություն, որի միջոցով ժողովուրդը ինքը կձեւավորի իրեն ներկայացնող իշխանություն եւ հետզհետե, քայլ առ քայլ կլուծի Հայաստանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները», - ամփոփեց Ալեքսանդր Արզումանյանը:
XS
SM
MD
LG