Մատչելիության հղումներ

Լեհաստանում նշվում է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 70-րդ տարին


Լեհաստան - Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 70-րդ տարելիցին նվիրված արարողությունը «Վեստերպլատե» հուշարձանի մոտ, Գդանսկ, 1 սեպտեմբերի, 2009

Լեհաստան - Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 70-րդ տարելիցին նվիրված արարողությունը «Վեստերպլատե» հուշարձանի մոտ, Գդանսկ, 1 սեպտեմբերի, 2009

Լեհաստանը սեպտեմբերի 1-ին նշում է Երկրորդ համաշխարհայինի մեկնարկի 70-րդ տարին. 1939 թվականին հենց այս օրը նացիստական Գերմանիայի զորքերը ներխուժեցին Լեհաստան` հրահրելով մարդկության պատմության մեջ ամենալայնածավալ եւ արյունալի պատերազմը:

Երեքշաբթի օրը, միլիոնավոր զոհերի հիշատակը հարգելու համար լեհական Գդանսկ քաղաքում հանդիպում են աշխարհի շուրջ 20 պետությունների բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Այս օրը հիշեցնում է Գերմանիային սեփական մեղքի եւ այն անսահման տառապանքի մասին, որ պատճառեց Եվրոպային», - անցած շաբաթ իր ավանդական տեսաուղերձում հայտարարել էր Գերմանիայի կանցլերը:

Անգելա Մերկելը, միաժամանակ, երախտագիտություն էր հայտնել, որ այսօր Լեհաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդները հանդիպում են որպես գործընկերներ, ոչ թե թշնամիներ:

Լեհական լրատվամիջոցների համաձայն, սակայն, 70 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար լեհերը ներողություն են ակնկալում լսել ոչ միայն գերմանացիներից, այլեւ ռուսներից: Տեղական թերթից մեկի պատվերով անցկացված հարցման համաձայն, մասնավորապես, լեհերի 60 տոկոսը պատերազմը հրահրելու մեջ հավասարապես մեղավոր է համարում Խորհրդային Միության իշխանություններին, 76 տոկոսը պնդում է, թե այսօր Ռուսաստանի վարչապետը պարտավոր է ներողություն խնդրել լեհերից` Կարմիր բանակի ներխուժման եւ լեհերի նկատմամբ իրականացված գործողությունների համար:

Մինչ Գդանսկ մեկնելը Պուտինը հոդված է հրապարակել լեհական ամենահայտնի թերթերից մեկում` «Գազետա Վիբորչա»-ում, որտեղ ընդունել է, որ պատերազմի նախօրեին նացիստական Գերմանիայի եւ Խորհրդային Միության միջեւ ստորագրված պակտն իսկապես անբարոյական էր: «Այսօր մենք հասկանում ենք, որ նացիստների հետ ցանկացած պայմանավորվածություն անընդունելի էր», - գրել է Վլադիմիր Պուտինը եւ միաժամանակ ընդգծել. - «Այդուամենայնիվ, անցյալի ստվերը չպետք է մթագնի Լեհաստանի եւ Ռուսաստանի միջեւ ներկա, առավել եւս` ապագա հարաբերությունները»:

Լեհաստանի քաղաքական գործիչները բավական դրական, նույնիսկ ոչ ստանդարտ ու անսպասելի են որակել Վլադիմիր Պուտինի այս հոդվածը: «Սա շատ կարեւոր եւ խելացի քայլ էր ոչ միայն ռուս - լեհական հարաբերություններում, այլեւ համաշխարհային քաղաքականության մեջ», - հայտարարել է Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլլերը: «Ռուսաստանի կառավարության ղեկավարը բարեկամության ձեռք է մեկնում Լեհաստանին, հուսով եմ` մեր առաջնորդները արժանապատվորեն կընդունեն այդ ժեստը եւ կարձագանքեն», - ասել է փորձառու քաղաքական գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG