Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Թուրքիան հանձն են առնում շարունակել հարաբերությունների կարգավորման ջանքերը


Թուրքիա - ԱՄՆ-ի նախագահը (աջից) հանդիպում է Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների հետ Ստամբուլում, 6-ը ապրիլի, 2009 թ.

Թուրքիա - ԱՄՆ-ի նախագահը (աջից) հանդիպում է Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների հետ Ստամբուլում, 6-ը ապրիլի, 2009 թ.

Հայաստանը եւ Թուրքիան համաձայնել են «ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսել», որոնց նպատակն է վավերացնել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների արդյունքում նախաստորագրված երկու արձանագրությունները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։

Երկուշաբթի Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել նոր համատեղ հաղորդագրությամբ։ Հաղորդագրությունում ասված է, որ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են հետեւյալ երկու արձանագրությունները՝ «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ:

Եռակողմ հաղորդագրությունում նշվում է, որ նախատեսվում է Հայաստանում եւ Թուրքիայում անցկացնել «ներքին քաղաքական խորհրդակցություններ», որոնք պետք է ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում։ Այնուհետեւ երկու արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար:

«Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական եւ օրենսդրական գործընթացների», - նաեւ ասված է հաղորդագրությունում։

Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացող կարգավորման բանակցությունների արդյունքում ապրիլին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG