Մատչելիության հղումներ

logo-print

Ծեծի ենթարկված զինծառայողի վիճակը «ծայրահեղ ծանր է»


Օգոստոսի 28-ին ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բրիգադը Վայքի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող Արամ Մկրտչյանին տեղափոխել է հոսպիտալ, կատարվել է շտապ վիրահատություն:

«Այս պահին Արամ Մկտրչյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կյանքը սպառնալիքի տակ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը հայտնեց հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանը: - «Հիմնական վնասվածքը գլխուղեղի շրջանում է՝ էպիդարոլ մեծ արյունազեղում»:

Արդեն երրորդ օրն է, ինչ ուղիղ 3 ամիս առաջ բանակ զորակոչված 18-ամյա Արամ Մկրտչյանը հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է կոմայի մեջ:

Արամ Մկրտչյանի մերձավոր ազգականներից Նորայր Նորիկյանի խոսքով, օգոստոսի 28-ին վաղ առավոտյան զինծառայողը ծեծի է ենթարկվել վաշտի հրամանատար Անդոկ Գալստյանի կողմից:

«Երեխան ծեծի է ենթարկվել նույն սպայի կողմից առավոտյան ժամը 6-ից 7-ի սահմաններում երեք անգամ», - «Ազատություն» ռադիոկայանին իր ունեցած տեղեկությունները փոխանցեց Նորիկյանը՝ պնդելով, թե դա ականատես զինվորների խոսքերն են:

Նորիկյանի տվյալներով, զինծառայողին ծեծի ենթարկած Անդոկ Գալստյանը ձերբակալված է, գտնվում է Վայոց Ձորի զինվորական ոստիկանությունում` նրան առաջադրված է մեղադրանք 375 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանազանցություն, որը առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է 3-8 տարի ազատազրկմամբ:

Հարազատները զինծառայողին տեսել են արդեն վիրահատությունից հետո` անգիտակից վիճակում: Զինծառայողի հայրը` Ոսկան Մկրտչյանը դիմում է համապատասխան մարմիններին` պահանջելով պատժել հանցագործին եւ արդար դատավճիռ կայացնել:
XS
SM
MD
LG