Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց


Տիգրան Առաքելյանը (կենտրոնում) Հյուսիսային պողոտայում բողոքի ցույցի ժամանակ:

Տիգրան Առաքելյանը (կենտրոնում) Հյուսիսային պողոտայում բողոքի ցույցի ժամանակ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանը երկուշաբթի օրը դռնփակ նիստում բավարարեց հուլիսի 5-ից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:

Տիգրան Առաքելյանը դեռեւս գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Չնայած պաշտպանական կողմի ահազանգերին, որ երիտասարդի առողջական վիճակը վատ է, որ անհրաժեշտ է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, Տիգրանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու` փաստաբան Վարդուհի Էլբակյանի միջնորդությունը այսօր մերժվեց։

Փաստաբանի փոխանցմամբ, Տիգրան Առաքելյանը շարունակում է բողոքել տեսողության վատթարացումից, գլխապտույտից ու գլխացավերից։

Ընդ որում, ըստ Էլբակյանի, դատաբժշկական եզրակացությունը հաստատել է, որ երիտասարդի վնասվածքներ է ստացել: Բայց, ի տարբերություն Տիգրանի պնդումների, որը առողջական վիճակի վատթարացումը համարում է թռուցիկներ բաժանելու օրը ոստիկանի հասցրած հարվածների հետեւանք, դատաբժշկական եզրակացությունը արձանագրել է, թե վնասվածքները հասցվել են հուլիսի 9-ին կատարված փորձաքննությունից երկու օր առաջ: Ստացվում է, որ նրան ծեծել են ժամանակավոր պահպանման մեկուսարանում, ինչը Տիգրանը կտրականապես հերքում է՝ պնդելով, որ վնասվածքները ստացել է հուլիսի 1-ին:

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ընդդիմության` հուլիսի 2-ի հանրահավաքի նախօրեին իրազեկման թռուցիկներ բաժանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց հետ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ, որից հետո նա եւ իր երկու ընկերները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Նա ե’ւ նախկինում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում, ե’ւ այսօր կալանավայրից տարածած հայտարարության մեջ նշել է, որ քաղաքացիական համազգեստներով անհայտ անձինք են հանկարծակի հարձակվել եւ երիտասարդներին ծեծի ենթարկել։ Ինքը, տեսնելով այդ իրարանցումը, վազել է այդ ուղղությամբ, իր հետ համընթաց այլ երիտասարդ է վազել՝ ձեռքին ատրճանակ, ապա ատրճանակի կոթով հարվածել է իր գլխին եւ ինքն ընկել է։ Ոստիկանությունը տարածած հաղորդագրությամբ պնդել էր, թե տղաներն են ոստիկանների վրա հարձակվել ու ծեծի ենթարկել, եւ ոստիկաններից մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, որի դեպքում առավելագույն պատժաչափը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը, սակայն, երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմինը մտադիր է փոխել մեղադրանքի ծավալը եւ ծանրացնել այն. նախատեսվում է Տիգրանին մեղադրանք առաջադրել 316 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ այս հոդվածի դեպքում առավելագույն պատժաչափը արդեն 5-10-ը տարվա ազատազրկումն է:

Ի դեպ, Առաքելյանի գործով տուժող ճանաչված ոստիկանը` Էրիկ Պողոսյանը, ըստ պաշտպանական կողմի, նույն ոստիկանն է, ով «Մարտի 1-ի» տարբեր գործերով դատարաններում որպես տուժող ցուցմունքներ էր տալիս։

Այսօր տարածած հայտարարությունում Տիգրան Առաքելյանը նշել է նաեւ, որ եթե մինչեւ սեպտեմբերի 5-ը իրեն ազատ չարձակեն կամ հիմնավոր մեղադրանք չառաջադրեն, սեպտեմբերի 6-ից հրաժարվելու է բուժօգնությունից ու հայտարարելու է անժամկետ հացադուլ:

XS
SM
MD
LG