Մատչելիության հղումներ

logo-print

Մարի Յովանովիչն ընդունեց հայ-թուրք-ամերիկյան ճամբարի հայ մասնակիցներին


Մարի Յովանովիչը հայ-թուրք-ամերիկյան ամառային ճամբարի հայ մասնակիցների հետ:

Մարի Յովանովիչը հայ-թուրք-ամերիկյան ամառային ճամբարի հայ մասնակիցների հետ:

Թուրքիայի Չանակկալե քաղաքում ամռանը 2 շաբաթ 15 հայ, 19 թուրք եւ 10 ամերիկացի դպրոցականներ մասնակցել են միջազգային ճամբարի` «Սովորենք հանդուրժողականություն անգլերենի միջոցով»: Ճամբարի իրականացմանն օժանդակել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը, հայերի մասնակցությունը կազմակերպվել է «Ապագան քոնն է» կազմակերպության կողմից:

Ճամբարի մասնակիցներն այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին պատմեցին, թե ինչպես են սովորել հանդուրժող լինել: Յովանովիչն իր հերթին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծեց. - «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարեւոր է թե' Հայաստանի, թե' Թուրքիայի եւ թե' տարածաշրջանի համար: ԱՄՆ-ը սատարում է հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը եւ մենք շարունակում ենք հուսալ, որ շուտով շոշափելի արդյունքներ կլինեն, որոնք կարեւոր են ոչ միայն մեծահասակների համար, այլ նաեւ երեխաների, որպեսզի նրանք ավելի շատ հնարավորություններ ունենան ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական”:

Սեդա Հարությունյանը «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության աշխատակից է, 13-16 տարեկան հայ երեխաների 15 հոգանոց խմբի հետ մեկնել է Թուրքիա, աշխատել ճամբարի մասնակիցների հետ: Պատմում է, որ կոնֆլիկներ երեխաների միջեւ չեն եղել. - «Մենք արդեն իսկ պատրաստված մեկնել ենք Թուրքիա` երեխաներին բացատրելով, թե ինչ է հանդուժողականությունը»:

Ե'վ երեխաները ե'ւ մասնակից ուսուցիչները նշում են, որ օրակարգը շատ հարուստ է եղել, ազատ րոպեներ պարզապես չեն ունեցել, կազմակեպվել են անգլերենի դասընթացներ, միջմշակութային հաղորդակցության միջոցառումներ, խաղեր, էքսկուրսիաներ եւ այլն:

Թուրքիա մեկնած 15 երեխաները, որոնցից 10 Երեւանից են, 5-ը՝ Նոր Հաճընից, Հայաստանի մշակութային դեսպաններ են եղել օտարերկրացի տարեկիցների համար, սովորեցրել են հայերեն բառեր, հայկական պարեր ու այն ամենը, ինչը իրենց պատկերացմամբ ընդկգծված հայկական է:

Թուրքիայում հայ երեխաները նաեւ հայտնաբերել են, որ իրենց մայրիկների պատրաստած ճաշատեսակները միանշանակ հայկական չեն, պատրաստվում են նաեւ Թուրքիայում ու պակաս համեղ չեն:
XS
SM
MD
LG