Մատչելիության հղումներ

Եվրոպական հեռարձակողների միությունը կքննի Ադրբեջանի հարցը


Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթը «Եվրատեսիլ - 2009»-ում
Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթը «Եվրատեսիլ - 2009»-ում

Եվրոպական հեռարձակողների միությունը սեպտեմբերի 11-ին կքննարկի «Եվրատեսիլ - 2009» մրցույթի ժամանակ հայաստանցի կատարողների օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին ազգային անվտանգության նախարարություն կանչելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է միության պաշտոնական կայքէջը:

Հարցը քննելու է այսպես կոչված «արձագանքման խումբը», թե ո՞րն էր պատճառը, որ մասնակից երկրի` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հետաքրքրվել է մայիսին կայացած մրցույթում Հայաստանը ներկայացնող Անուշ եւ Ինգա Արշակյանների օգտին քվեարկած անձանցով: Քննարկումը անցկացվելու է Օսլոյում:

Ինչպես տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները, կա նաեւ Ադրբեջանից ստացված պաշտոնական պատասխանը այս հարցի վերաբերյալ, որը ներկայացրել է Եվրոպական հեռարձակողների միության անդամ, այս կազմակերպությունում Ադրբեջանը ներկայացնող «Իքթիմայ» ընկերությունը. նրանց հավաստիացումներով` ազգային անվտանգության նախարարությունը որեւէ մեկին այդ հարցով չի կանչել եւ չի հարցաքննել` պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես:

Արձագանքելով մի քանի օրից քննարկման դրվելիք այս հարցին, Եվրոպական հեռարձակողների միության տնօրեն Ժան Ռեւեյոնը ասել է. - «Ինչեւէ, մենք ընդունեցինք ադրբեջանական կողմի պաշտոնական պատասխանը: Սակայն ազատ քվեարկելու իրավունքը «Եվրատեսիլ» մրցույթի հիմնական նախապայմաններից մեկն է: Եվ ցանկացած անձ կարող է քվեարկել յուրաքանչյուր երգի օգտին, բացառությամբ այն երկրի ներկայացուցչի երգի, որտեղ դիտում ես մրցույթը: Քվեարկության իրավունքի հետ կապված անհատի իրավունքների խախտումը կամ միջամտությունը անընդունելի երեւույթներ են»:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հարցաքննության մասին մոտ երկու շաբաթ առաջ պատմել էր Հայաստանի ներկայացուցիչների օգտին քվեարկողներից մեկը` Ռավշան Նասիրլին:

«Ինձ հարցաքննեցին` ենթարկելով հոգեբանական ճնշումների: Ասում էին` «դու ինչ մարդ ես, ազգություն չունե՞ս», հարցնում էին, թե ինչո՞ւ եմ քվեարկել Հայաստանի օգտին», - փոխանցել էր Նասիրլին:

Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Ադրբեջանի նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն. դրանք կարող են ենթադրել դրամական տուգանքից մինչեւ երեք տարով մրցույթին մասնակցելու իրավունքից զրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG