Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքները հաջորդաբար վերադարձվելու են»


Ադրբեջան -- նախագահ Իլհամ Ալիեւը Իֆթարի տոնակատարությանը, Բաքու, 28-ը օգոստոսի, 2009
Ադրբեջան -- նախագահ Իլհամ Ալիեւը Իֆթարի տոնակատարությանը, Բաքու, 28-ը օգոստոսի, 2009

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ օրը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի ներդրած ջանքերը արդեն արդյունք են տալիս։

APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը, մասնակցելով մուսուլմանական Ռամադան ամսվա մեկնարկի կապակցությամբ օգոստոսի 28-ին կազմակերպված Իֆթար տոնակատարությանը, ասել է. - «Բանակցային բոլոր փուլերում մեր սկզբունքը եղել է այն, որ խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարող են ունենալ ինքնավարության բարձր աստիճան, սակայն ամբողջական ադրբեջանական պետության սահմաններում։ Այսօր որպես հիմք ընդունվում են հենց այդ սկզբունքները»։

Իլհամ Ալիեւը ընդգծել է, որ ներկա բանակցային գործընթացի շրջանակներում «գրավյալ բոլոր տարածքները հաջորդաբար կազատագրվեն», ադրբեջանցի փախստականները կվերադառնան իրենց բնակավայրեր, կվերականգնվեն ենթակառուցվածքները, ապա կորոշվի Ղարաբաղի իրավաբանական կարգավիճակը։

«Մենք մշտապես ասել ենք, որ Ղարաբաղը պետք է ունենա կարգավիճակ, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս։ Դրա հետ Ադրբեջանի Հանրապետությունը երբեք չի համակերպվի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG