Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 29-ի մամուլ


«Առավոտ»-ը զրուցել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող, լուծարված Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ՝ մարտի 1-2-ի դեպքերին անօրինական զինված կազմավորումների հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Լրագրողը հարցնում է. - «Եթե Հայ ազգային կոնգրեսը հրաժարվի, մենք սա կհամարենք որպես զրպարտություն։ Չի կարելի, որ մեղադրանքները մնան անպատասխան։ Կա՛մ այդ մեղադրանքը ճիշտ է, կա՛մ սխալ։ Եթե ճիշտ է, ապա պետք է պատասխանատվություն կրեն կատարողները, եթե ոչ՝ զրպարտողները։ Սրանք Նիկոյանի խոսքերն են։ Դուք պատրա՞ստ եք նման զարգացումների»։ Պատասխան. - «Թող Նիկոյանը զբաղվի իր գործով, որովհետեւ նա վաղուց դուրս է եկել իր սահմաններից, եւ թող աջ ու ձախ չսպառնա։ Մեզնից ոչ մեկը՝ կոնկրետ ես, իրենից չեմ վախենում։ Եթե ինքն ուզում է աշխատել, թո՛ղ աշխատի։ Բայց իրեն հանձնաժողովում դատապաշտպան չեն նշանակել, որ ոմանց շահերի համար Փաստահավաք խմբին եւ դրա այս կամ այն անդամին մեղադրի քրեորեն հետապնդելի արարքում եւ սպառնա։ Նիկոյանն իրեն կորցրել է։ Թող նա ուրիշի փոխարեն չվրդովվի։ Եթե գտնում են, որ պիտի քննեն՝ թո՛ղ քննեն, թո՛ղ գնան զորամաս եւ հարցնեն՝ հանդերձանք տվե՞լ են, թե՞ չեն տվել, թո՛ղ պետական մակարդակով պատասխան պահանջեն՝ ինչո՞ւ մեզ պահեստներ մտնել թույլ չեն տվել, եթե այդ տեղեկատվության մեջ ճշմարտության հատիկներ չեն եղել»։

«Ազգ»-ը զրուցել է Փաստահավաք խմբի մեկ այլ նախկին անդամի՝ Ռոբերտ Ավագյանի հետ։ Ավագյանը ասում է. - «Ես ձեզ հայտնեմ, որ անգամ Համլետ Թադեւոսյանի մահվան առնչությամբ զեկույցում փաստական հանգամանքներն այնպիսին են, որ չեն կարող բերել այն եզրակացության, որոնց իրենք են հանգել: Նրանք ցանկանում են լսել միայն այն, ինչը համապատասխանում է իրենց ցանկություններին ու մտադրություններին: Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների առնչությամբ զեկույցը երբ նախապատրաստվում էր, Անդրանիկ Քոչարյանը փաստեր էր բերում, թե ահա, տեսեք, երեւի ինքն իր նռնակի պայթյունից է զոհվել: Մինչդեռ ձեռք բերված փաստերը ողջամտորեն եւ ոչ ողջամտորեն այդ հետեւությանը հանգեցնել չէին կարող: Եվ ես ասացի, որ եկեք դիմենք ԱՄՆ դեսպանին, ով բազմաթիվ անգամներ առաջարկել էր փորձագետ հրավիրել. թող փորձաքննություն անցկացնեն: Իսկ ինքը` Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց դա անել»:

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Վերջին օրերին «Հանրապետական» կուսակցության որոշ անդամներ սկսել են բավական համարձակ մտքեր արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես Սերժ Սարգսյանի առաջիկա անելիքի՝ Թուրքիա մեկնելու-չմեկնելու կապակցությամբ։ Օրինակ՝ Ռազմիկ Զոհրաբյանը, Ռաֆիկ Պետրոսյանը վերջին օրերին միտք էին արտահայտել, թե Սերժ Սարգսյանը երեւի չի գնա Թուրքիա։ Բանն այն է, որ եթե Զոհրաբյանի եւ Պետրոսյանի նման գործիչներն են այդպիսի միտք արտահայտում, կնշանակի նրանք ինչ-որ բան են լսել կամ իմացել, դրա համար էլ համարձակվում են բարձրաձայն խոսել այդ մասին։ Այսինքն՝ կնշանակի, որ իշխանական միջանցքներում հենց այդպիսի տրամադրություններ կան, որ Սերժ Սարգսյանը չի գնա Թուրքիա։ Իհարկե, ամեն ինչ պարզ կլինի, երբ խոսի Գալուստ Սահակյանը, բայց արդեն իսկ որոշակի երանգներ նկատվում են, որ Հայաստանի իշխանությունները հետդարձ կատարելու տրամադրություններ են սկսել արտահայտել։ Պատահական չէր, թերեւս, այդ համատեքստում ՊՆ-ում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ բանակը օգնում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին լինել ավելի վստահ։ Այսինքն՝ նկատելի է իշխանությունների բառապաշարի որոշակի կոշտացում»։

«Հայոց աշխարհ»-ը պնդում է, որ վերջին օրերին ընդդիմադիր մամուլը նպատակ է դրել բանակի վերաբերյալ հակաքարոզչություն տարածել։ Թերթը գրում է. - «Ըստ որում, քարոզչական հարձակումը միանգամից մի քանի խնդիր ունեցավ. ա) հնարավորինս վարկաբեկել ու ցեխոտել Հայոց ազգային բանակը, առնվազն կասկածի տակ դնել մեր զինված ուժերի կայացվածության պարագան, այդ կերպ փորձելով մոլորեցնող տպավորություն ստեղծել, թե նման բանակը չի կարող բանակցային գործընթացում վստահ եւ արժանապատիվ դիրքերից հանդես գալու հնարավորություն տալ, բ) անընդհատ կրկնել, թե. «Գաղտնիք չէ նաեւ, թե այդ «արժանապատիվ դիրքը» իրականում որքան վտանգավոր է ԼՂ հարցի հայանպաստ լուծման համար: Համենայն դեպս, այն, ինչի մասին վերջին բանակցություններից հետո բարձրաձայնում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, միայն խոսում է բանակցություններում Հայաստանի քաղաքական ղեկավարության նվաստացուցիչ դիրքերի մասին», գ) մուտիլովկա անել, թե նախագահը «բանակցային պրոցեսում իրեն վստահ է զգում այն առումով, որ իր տված համաձայնությունների դեմ կանգնող քաղաքացիների դեմ կարող է ցանկացած պահի հանել բանակը...»։

«Հրապարակ»-ը երեկ տեղեկացել է, որ մի քանի օր առաջ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, հետագայում արդարացված Նաիրի Բադալյանի խոշտանգումների փաստով։ Թերթի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունը արդեն անգամ մեղադրանք է առաջադրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալներ, գնդապետներ Մանուկ Միքայելյանի եւ Սմբատ Բուլղադարյանի նկատմամբ։ Նաիրի Բադալյանը նաեւ քաղհայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության (մի քանի միլիոն դոլարի չափով)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG