Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը կոչ է արել խստորեն պատժել ընդդիմության առաջնորդներին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կոչ է արել խստորեն պատժել ընդդիմության առաջնորդներին, ովքեր հրահրել եւ կազմակերպել են հունիսին Իրանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաները եւ անկարգությունները։

Ահմադինեջադը չի տվել կոնկրետ անուններ՝ շեշտելով միայն, որ «այդ առաջնորդներից որեւէ մեկը անձեռնմխելի չպետք է լինի»։

Ելույթ ունենալով ուրբաթօրյա ավանդական աղոթքի հավաքված բազմահազար ամբոխի առաջ՝ Ահմադինեջադը նշել է, որ պատիժը չպետք է վերաբերի միայն այն անձանց, ովքեր արդեն իսկ կանգել են դատարանի առջեւ։ Նրանց նկատմամբ, ըստ Ահմադինեջադի, հարկ է վարվել «իսլամական գթասրտությամբ»։

Իրանի կոշտ, պահպանողական գծի կողմնակիցները վերջին շաբաթներին հաճախ են հանդես եկել նախկին վարչապետ եւ ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի ձերբակալության պահանջով։

Այսպես, Իրանում հեղինակավոր Հեղափոխության պահապանների բարձրաստիճան ղեկավարներից Յադոլլահ Ջավանին այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, որ Մուսավին, նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին եւ խորհրդարանի նախկին խոսնակ, նախագահի թեկնածու Մեհդի Քարուբին պետք է անկարգություններ հրահրելու համար կանգնեն դատարանի առջեւ։ Ջավանին ընդդիմության առաջնորդներին մեղադրել է «թավշյա հեղափոխություն» ծրագրելու մեջ։

Լրագրող Սաեդ Ռեզավի Ֆաղիհը, ով ընտրությունների ժամանակ ընգրկված էր Մեհդի Քերուբիի նախընտրական շտաբում, «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, թե իշխանությունները մինչեւ հիմա ձեռնպահ էին մնում ընդդիմության առաջնորդների դեմ որեւէ գործողություն իրականացնելուց, քանի որ մտավախություններ ունեին նման քայլերի անկանխատեսելի հետեւանքների վերաբերյալ։

«Կարծում եմ, եթե իսլամական վերնախավում որոշում կայացնողները հավատային, որ Մուսավիի ձերբակալությունը իրավիճակն ավելի չի սրի, նրանք չէին վարանի կայացնել նման որոշում։ Նույնը վերաբերում է նախկին նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանիի, Խաթամիի կամ Քարուբիի ձերբակալությանը», - ասում է լրագրողը։

Իրանում հետընտրական զարգացումների ժամանակ անկարգություններ հրահրելու մեղադրանքներով ընդդիմության ավելի քան 100 կողմնակից արդեն իսկ կանգնել է դատարանի առաջ։

Իրանցի հայտնի իրավապաշտպան, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին այս շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե այդ դատավարությունները «խեղկատակություն են» եւ մեկ նպատակ են հետապնդում. - «Այս դատավարությունների վերջնական նպատակն է ցույց տալ, որ հունիսի 12-ի նախագահական ընտրությունները օրինական էին։ Նախագահը ավելի շատ քվեներ է ստացել, քան նույնիսկ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին, ում օգտին քվեարկել էր 22 միլիոն մարդ։ Այսքանը։ Եվ ես ցավում եմ, որ այս փաստը ապացուցելու համար նման շոու է կազմակերպվել»։

Ուրբաթ օրը Մահմուդ Ահմադինեջադը կրկին բնութագրել է կայացած ընտրությունները որպես «ամենաարդար եւ մաքուր» ընտրությունները աշխարհում, շեշտելով, թե դրանք որոշիչ են Իրանի համար։

Նա կրկին խոսել է «Արեւմուտքի ոտնձգությունների» մասին եւ մեղադրել արեւմտյան տերություններին, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիային, Իրանի իշխող համակարգը փոխելու փորձերի համար։

Ահմադինեջադը, մասնավորապես, ասել է, թե ուղերձ է ստացել «բարեկամ երկրի արտգործնախարարից», ով իրեն պատմել է հին գաղութային տերության [Մեծ Բրիտանիայի] արտգործնախարարի հետ հանդիպման մասին, որի ընթացքում վերջինս ասել է, թե «այս անգամ ամեն ինչ ճիշտ է հաշվարկված եւ Իրանի վերնախավը տանուլ է տալու»։

Այս շաբաթ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հերքել այն կարծիքը, թե ապացույցներ կան, որ ընդդիմության առաջնորդները գործել են օտար տերությունների օգտին։ Միեւնույն ժամանակ, Խաթամին կրկին հայտարարել է, որ բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին ընտրություններում Մահմուդ Ամադինեջադի հաղթանակի մասին հայտարարելուց հետո, նախօրոք կազմակերպվել էին դրսից՝ անկախ նրանից, տեղյակ էին այդ մասին ընդդիմության առաջնորդները, թե` ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG