Մատչելիության հղումներ

Նվեր Մնացականյանը «վիրավորանք» է տեսնում իր դեմ հարձակման գործով ոստիկանության հրապարակած վարկածում


Հայաստան -- Լրագրող Նվեր Մնացականյանը իր դեմ հարձակման հաջորդ օրը, Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Հայաստան -- Լրագրող Նվեր Մնացականյանը իր դեմ հարձակման հաջորդ օրը, Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Դա ամենաանհեթեթ մեկնաբանությունն է։ Կարելի էր ավելի լուրջ բան գտնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը այսպես արձագանքեց մայիսին իր դեմ իրականացված հարձակման վերաբերյալ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությանը, համաձայն որի հարձակվողները լրագրողին շփոթել են «ինչ-որ աղջկա հոր հետ»։

«Չեմ կարծում, թե այդտեղ հատուկ միտում կա ոստիկանապետի կողմից գործը շեղելու, բայց մյուս կողմից էլ մի փոքր վիրավորված եմ, որ այդ ուղղությունն է ստանում գործը», - ասաց Մնացականյանը՝ հավելելով, թե հարձակվողները «սափրագլուխներ» էին, ոչ թե «երիտասարդներ»։

«Մի քիչ էլ զարմանալի է, որ գիշերը 12-ին են սափրագլուխները ինչ-որ աղջիկների հետապնդում։ Հետո էլ ստացվեց, որ աղջիկների հորը։ Իրականությանը եւ ճշմարտությանը ոչ մոտ է հնչում», - կարծիք հայտնեց Մնացականյանը։

Անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մայիսի 7-ին անհայտ անձանց կողմից «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին ծեծի ենթարկելու միջադեպին, Ալիկ Սարգսյանը ասել էր. - «Հիմքերը ընդհանրապես այն չէ, ինչ-որ մենք մտածել ենք։ Բանից պարզվեց անհեթեթ մի պատմություն, որի հետ, ընդհանրապես, այդ մարդը կապ չունի։ Ինչ-որ աղջկա պատմություն։ Շփոթել են Նվեր Մնացականյանին մեկի հոր հետ... մի խոսքով»։

Հայաստանի ոստիկանապետը տեղեկացրել էր, որ այդ երկու երիտասարդները ներկայացել են քննչական ծառայություն, հարցաքննվել են, եւ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։

Նվեր Մնացականյանը դեպքերի զարգացման իր տարբերակն է պատմում. իր տեղեկություններով այս երիտասարդները օգտվելու են համաներման իրավունքից:

«Ինձ արդեն ասել էին, որ ինչ-որ երիտասարդներ են ներկայացել, դիմում են տվել, որ իրենք ուզում են օգտվել համաներման ընձեռած հնարավորությունից եւ հրաժարվել ցուցմունքից։ Այդ բոլորը մի քիչ կազմակերպված տպավորություն է թողնում», - մեկնաբանեց Մնացականյանը։

Այս գործի հետ կապված շոշափվում է խոշոր գործարար Հրանտ Վարդանյանի եւ նրա որդու անունը։ Ոստիկանապետը հավաստել էր, որ այդ լուրերը անհիմն են։ Նվեր Մնացականյանը պնդեց, թե այդ խոսակցությունների շղթան բացվել է քննչական խմբի որոնողական աշխատանքների արդյունքում:

Լրագրողը, մասնավորապես, ասաց. - «Ես այդպիսի բան չեմ ասել, կրկնում եմ։ Կապը գտել է քննչական խումբը, երբ բերման երթարկեց այն ավտոմեքենան, որը պատկանում էր «Գրանդ Քենդի» [ընկերությանը]»։

Նվեր Մնացականյանը հայտնեց, որ իրեն առաջարկել են առերեսման գալ մեղայականով ներկայացած երիտասարդների հետ, սակայն ինքը հրաժարվել է. - «Ինձ առաջարկել են՝ ես եմ հրաժարվել։ Այդտեղ մի փոքր վիրավորանք կա։ Կարելի էր ավելի լուրջ պատճառաբանություն գտնել, կամ եթե այդ գործը չի բացահայտվում, կարելի էր ուղղակի ասել, որ այս-այս հիմնավորումներով այդ գործը չի բացահայտվում»։
XS
SM
MD
LG