Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի հանձնաժողովը որոշեց դիմել ՀԱԿ-ին


Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ուրբաթ օրը որոշեց դիմել Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ)՝ մարտիմեկյան իրադարձություններում օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ պնդումների շուրջ պարզաբանումներ ստանալու համար։

Հանձնաժողովի որոշման առիթ հանդիսացավ լուծարված Փաստահավաք խմբում ընդդիմությունը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի 4-րդ զեկույցը։ Զեկույցում, մասնավորապես, ներկայացված էր ՀԱԿ-ի տրամադրած տեղեկատվությունը, համաձայն որի՝ 5 բարձրաստիճան պաշտոնյաների եւ 4 պատգամավորների պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից 2008 թվականի մարտի 1-ին տրամադրվել է 950 զինվորական համազգեստ։

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, հրապարակելով Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցի վերաբերյալ տեղեկանքը, հավելեց, որ իրեն ներկայացված փաստաթղթում լրացուցիչ փաստարկներ չկան. - «Հայ ազգային կոնգրեսը պնդում էր, որ այդ տեղեկատվությունը ստացել է հավաստի աղբյուրից, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չէր բացահայտում տեղեկատվության աղբյուրը»։

Առաջարկելով լրացուցիչ պարզաբանումների հրավիրել Հայ ազգային կոնգրեսին, Նիկոյանը ասաց. - «Իհարկե, կուզենայի, որ Հայ ազգային կոնգրեսը վաղուց հանձնաժողովի հետ համագործակցեր, բայց ոչինչ, եթե հիմա է որոշել, որ մեզ առաջարկի այս հարցը ուսումնասիրել, հիմա մենք դա կանենք»։

«Փաստորեն մեղադրանքը, որ հնչեցվում է իշխանության հասցեին, հետեւյալն է՝ անօրինական զինված խմբավորումներ ստեղծելը», - մեկնաբանեց հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը՝ առաջարկելով հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել Փաստահավաք խմբի նախկին անդամներին, որոնք հեղինակել են զեկույցը. - «Ըստ էության, ծանրագույն մեղադրանքներից մեկն է սա՝ նաեւ Քրեական օրենսգրքով ամրագրված։ Իրենք էլ թող մասնակցեն։ Հանձնաժողովը ունի հնարավորություն ճշտել ցանկացած տեղեկատվություն։ Չխորշենք, իրենց էլ հրավիրենք՝ մասնակցեն»։

Հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանի խոսքով, զեկույցի մեջ «սարսափելի ներուժ ունեցող» վտանգ կա. - «Մենք պարտավոր ենք շատ արագ ստուգել այդ տեղեկատվությունը, որովհետեւ եթե 1 գրամ անգամ այդ տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը, ապա չեմ էլ կարող պատկերացնել դրա հետեւանքները»։

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին «բաշխվել է» 300 հատ զինվորական համազգեստ եւ 49 գլխարկ։

«Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը այս առիթով հրապարակեց իր կուսակցության հայտարարությունը. - «Մենք պաշտպանում ենք առաջարկությունները՝ անպայմանորեն պարզելու՝ սա ինչ թուղթ է, ինչ կա սրա տակ։ Երկրորդ, ուզում եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը բանակի հովանավորների եւ աջակիցների շարքում է շատ երկար ժամանակ, եւ մենք կարիք չենք ունեցել երբեք եւ որեւէ տեղից անվճար կամ վճարովի պահեստից որեւէ բան ստանալու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG