Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Դավթյան. «Տարվա վերջին կունենանք շոշափելիորեն ավելի քիչ տնտեսական անկում»


Հայաստան -- Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան, 28-ը օգոստոսի, 2009 թ.

Հայաստան -- Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան, 28-ը օգոստոսի, 2009 թ.

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կանխատեսելի է համարում Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները, որոնց համաձայն 2009 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 18,5 տոկոս տնտեսական անկում։

«Մենք կանխատեսում ենք, որ սկսած սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ցուցանիշը կսկսի բարելավվել եւ մենք տարվա վերջին կունենանք շոշափելիորեն ավելի քիչ անկում», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դավթյանը։

Ֆինանսների նախարարը կրկնեց վերջերս իր իսկ կողմից հնչեցված այն հայտարարությունը, թե տնտեսությունում նկատվում են կայունացման միտումներ՝ հավելելով. - «Խոսքը միայն միտումների մասին է, եւ դրանք դեռեւս այդքան կայուն չեն եւ խնդիր կա այդ միտումները ամրապնդելու»։

Տիգրան Դավթյանի կարծիքով, աշխարհի մի շարք խոշոր երկրներում սկսել են նկատվել տնտեսական առողջացման միտումներ, եւ այդ հանգամանքը կարող է դրականորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա. - «Տարեկան կտրվածքով ցուցանիշը ավելի բարվոք կլինի. 18.5 տոկոսից ավելի լավ արդյունք։ Կանխատեսումներ կան, որ դա կարող է տատանվել 10-15 տոկոսի շրջանակներում։ Բացի դրանից մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարվանից կսկսվի հետզհետե տնտեսության վերականգնումը եւ մենք կանխատեսում ենք 1-1.5 տոկոս տնտեսական աճ 2010 թվականին»։

Ֆինանսների նախարարը գտնում է, որ պետական բյուջեի կատարողականը համահունչ է այն տնտեսական իրավիճակին, որն առկա է այսօր Հայաստանում. - «Ադեկվատ են նաեւ բյուջեի կատարման ցուցանիշները։ Յոթ ամսվա արդյունքում մենք ունենք 359 միլիարդ դրամ հավաքագրված պետական բյուջեի եկամուտներ եւ 426,5 միլիարդ դրամ ծախսեր, որոնք իրականացվել են 7 ամսվա ընթացքում»։

Պատասխանելով բյուջեի ծախսային մասի հնարավոր կրճատման՝ սեկվեստրի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Տիգրան Դավթյանը հայտարարեց, թե բացառել ոչինչ չի կարելի, սակայն կառավարությունում մտադիր չեն եւ նպատակահարմար չեն համարում սեկվեստրի կիրառումը։
XS
SM
MD
LG