Մատչելիության հղումներ

Մոլդովայի նորընտիր խորհրդարանը առաջին նիստն է գումարում


Մոլդովայի նորընտիր խորհրդարանի պատգամավորները վկայականներ են ստանում, 21 օգոստոսի, 2009
Մոլդովայի նորընտիր խորհրդարանի պատգամավորները վկայականներ են ստանում, 21 օգոստոսի, 2009

Ուրբաթ օրը առաջին նիստն է գումարում Մոլդովայի նորընտիր խորհրդարանը, որտեղ 2001 թվականից հետո առաջին անգամ կոմունիստները մեծամասնություն չեն կազմում: Ակնկալվում է, որ առաջին նիստի օրակարգի հիմնական հարցը կդառնա գործող կառավարության հրաժարականը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:

Գործող վարչապետ, նախագահի նախկին թեկնածու, կոմունիստ Զինաիդա Գրեչանին նախօրեին արդեն ներկայացրել է իր հրաժարականը: Առայժմ, սակայն, անորոշ է, թե ով է փոխարինելու նրան այդ պաշտոնում, առավել եւս հստակ չէ երկրի նախագահի ընտրության հարցը:

Փորձագետները փաստում են, որ եթե մոլդովացիներին այս անգամ էլ չհաջողվի երկրի նախագահ ընտրել, ապա խորհրդարանը կլուծարվի երրորդ անգամ վերջին մեկ տարվա ընթացքում:

Մոլդովայի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է խորհրդարանի 61 պատգամավորների հավանությունը, մինչդեռ նախորդ ամիս անցկացված արտահերթ ընտրություններում կուսակցություններից եւ ոչ մեկին չի հաջողվել այդքան ձայն ապահովել. կոմունիստները ստացել են 48 քվե, 4 ընդդիմադիր կուսակացությունները միասին` 53: Բանակցությունները` համատեղ թեկնածու առաջադրելու կամ ընդդիմության թեկնածուին պաշտպանելու շուրջ, առայժմ հաջողությամբ չեն պսակվում. կոմունիստները հրաժարվում են բանակցություններից, թեեւ քվեարկութունից հետո հայտարարում էին, թե կանեն ամեն հնարավորը` երկիրը փակուղուց հանելու համար:

«Մենք չենք ուզում երկրորդ անգամ նույն գետը մտնել եւ կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել», - պնդում էր կոմունիստների առաջնորդ, երկրի գործող նախագահ Վլադիմիր Վորոնինը եւ ակնարկում, թե սպասում է ընդդիմության առաջարկներին` հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Կոմունիստների այս դիրքորոշումը, սակայն, ըստ փորձագետների, կտրուկ փոխվեց Վլադիմիր Վորոնինի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ անցած շաբաթ Սոչիում կայացած հանդիպումից հետո: Ռուսաստանից վերադառնալուն պես կոմունիստների առաջնորդը կուսակցության ժողով հրավիրեց եւ հայտարարեց, թե բացառում է ընդդիմադիր դաշինքի հետ բանակցելու հնարավորությունը: «Ընդդիմադիր կուսակցությունները մեկ ամսվա մեջ այդպես էլ չկարողացան համաձայնության գալ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնախնդիրների շուրջ, համագործակցությունը այսօրինակ քաղաքական ուժի հետ անիմաստ է», - հայտարարեցին կոմունիստները:

Փորձագետները փաստում են` եթե հակառակորդ քաղաքական ուժերին այս անգամ էլ չհաջողվի համաձայնության գալ եւ երկրի նախագահ ընտրել, Մոլդովան կհայտնվի քաղաքական ու օրենսդրական փակուղում. Սահմանադրության համաձայն` խորհրդարանը կարող է լուծարվել տարվա մեջ մեկ անգամ, ինչը արդեն տեղի է ունեցել ապրիլյան ընտրություններից հետո, բացի այդ, հստակ չէ, թե խորհրդարանի առաջին նիստից եւ Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո ո՞վ է փաստացի ղեկավարելու երկիրը` գործող նախագա՞հը, թե՞ պետության երկրորդ դեմքը հանդիսացող նորընտիր խորհրդարանի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG