Մատչելիության հղումներ

«Ֆուտբոլային դիվանագիտությունը վերածվեց դիվանագիտական ֆուտբոլի»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երեւանում, 6 սեպտեմբերի, 2008

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երեւանում, 6 սեպտեմբերի, 2008

Դեռ վաղ է ասելը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա` Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը հետեւելու, թե՞ ոչ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` այսպիսի կարծիք հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը:

«Նախագահ Սարգսյանի այցը Թուրքիա հոկտեմբերին, եթե առաջընթաց լինի... Իհարկե, նախագահը պետք է որոշի` ինչ է ճիշտ, ժամանակին: Ինքը շատ կտրուկ ասել է եւ ճիշտ ձեւով, պարզ ձեւով ասել է, որ եթե սահմանը բացվի, նա, իհարկե, կգնա Թուրքիա: Մի քիչ շուտ է, կարծում եմ, ասել` գնալո՞ւ է, թե՞ չի գնալու», - ասաց Արփի Վարդանյանը` հավելելով. - «Իսկ ինչ վերաբերում է, որ վերջերս Թուրքիայի դեսպանը ասաց նախագահ Սարգսյանի գնալու մասին, որ նա կարող է ինքնաթիռ նստի ու գնա, ես նախ եւ առաջ զարմացա, որ դա կարդացի, հետո հասկացա, որ չպետք է զարմանալ, դա կարելի է հասկանալ, որ այդ մարդը, հատուկ այդ մարդը, ոչ մի ձեւով լուրջ չի ընդունում եւ ոչ մի ձեւով լուրջ չի կարելի նրան ընդունել, նրա ասածը: Այդպիսի խոսք ընդհանրապես չի սազում որեւէ քաղաքական գործչի»:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի` մեկ ամիս առաջ արած հայտարարությունը, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա պատասխան խաղի կապակցությամբ Թուրքիա կմեկնի, «եթե ունենանք բաց սահման», Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը օրերս ասել էր, թե սահմանի բացումը պարտադիր պայման չէ Սերժ Սարգսյանի այցի համար, եւ նա ցանկության դեպքում կարող է Թուրքիա մեկնել ինքնաթիռով:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի առաջադրած նախապայմանների պարագայում Սերժ Սարգսյանը իրավունք ունի հրաժարվել խաղին ներկա գտնվելուց:

«Թուրքիան առաջադրում է նախապայմանը, եւ նրանց դեսպանն էլ Ադրբեջանում հայտարարում է, որ թող ինքնաթիռով գնա … դա մի քիչ արհամարհական վերաբերմունք է, ի՞նչ է նշանակում` ինքնաթիռով գնացեք: Մենք ինքնաթիռի տեղն էլ գիտենք, ճանապարհն էլ գիտենք: Փաստորեն, հստակ ասվել է, որ մինչեւ չլուծվի ղարաբաղա - ադրբեջանական հակամարտությունը, Թուրքիայի սահմանի բացման հետ աշխատանքներ չեն լինի», - ընդգծեց Հանրապետական կուսակցության փոխնախագահը` ամփոփելով. - «Այսինքն, սա պարզ ասվում է նախագահին, որ սահմանը չի բացվում: Նախագահը լիովին իրավունք ունի հայտարարելու` «ես չեմ գնա Թուրքիա»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ստյոպա Սաֆարյանն իր եզրակացությունն ունի, թե ինչ արդյունք գրանցեց ֆուտբոլային հանդիպումներով համեմված դիվանագիտությունը:

«Գործընթացը, որը սկսվեց ֆուտբոլային դիվանագիտությամբ, իրականում վերածվեց դիվանագիտական ֆուտբոլի: Եթե ուշադրություն դարձնենք մեր կամ մյուս կողմի հայտարարություններին` անընդհատ այդ տրամաբանությունը դրված էր: Այժմ գնդակը գտնվում է մյուս կողմում, հիմա նրա պատասխան հարվածի ժամանակն է, պատասխան քայլի ժամանակն է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը եւ շարունակեց. - «Մի փոքր այլ գործընթաց պետք է գնար, քան դիվանագիտական ֆուտբոլը, որովհետեւ այդ խաղը կողմերից մեկնումեկին հաստատ պարտություն է խոստանում: Պետք էր սկսել այնպիսի գործընթաց, որտեղից երկու կողմերը դուրս գային շահած եւ հաղթանակած եւ կարողանային առաջքայլ կատարել: Ցավոք սրտի, անհեթեթ տրամաբանությունը պահպանվեց, եւ այսօր, իսկապես, երկու երկրների նախագահները կանգնած են սեփական դեմքը կորցնելու վտանգի առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG