Մատչելիության հղումներ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում


Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009 թվականի տեսչական ստուգման պլանի համաձայն Զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին:

Ներկայացված ստուգման արդյունքների վերաբերյալ ծավալվել է համակողմանի քննարկում, Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ ամրագրել կատարման հստակ ժամկետներ:

Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ տեղյակ է ընթացիկ խնդիրներին, նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաեւ խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին:

Կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը` նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին եւ անընդհատ կատարելագործվի:

«Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը», - նշել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG