Մատչելիության հղումներ

Կիրո Մանոյան. «Ամերիկահայ համայնքը պետք է ավելի ակտիվ լինի»


Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների մասին Կալիֆորնիայի օրենքի հակասահմանադրական ճանաչելը կարող է ապագայում ծանր հարված հասցնել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «Ազատություն» ռադիոկայանին նման կարծիք հայտնեց Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Եթե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգտագործեր ցեղասպանություն բառը, դատարանը այսպիսի վճիռ չէր կայացնի։ Ապրիլի 22-23-ի համատեղ [հայ-թուրքական] հայտարարությունը եթե չլիներ, հավանականությունը շատ քիչ է, որ Օբաման կարողանար ցեղասպանություն բառը չօգտագործել», - հայտարարեց Մանոյանը։ - «Եվ նույնիսկ այս վճռի հիման վրա կարելի է Միացյալ Նահանգների կոնգրեսին արգելել որեւէ բանաձեւ որդեգրել, որպեսզի ցեղասպանությունը ճանաչվի», - մտահոգություն հայտնեց Դաշնակցության ներկայացուցիչը։

Միաժամանակ, նա համոզված է, որ այս պարագայում կարելի է փոփոխությունների հասնել, եթե ամերիկահայ համայնքը ավելի ակտիվ լինի:

«Մեկը պետք է որ այս վճռի դեմ բողոքարկի: Այս դեպքում հայերն են, ովքեր հիմնական օգտվողներն էին Կալիֆորնիայի օրենքից, երկրորդն էլ դարձյալ` նախագահին դիմում եւ այլն, հիմնականում Ամերիկայի հայ համայնքը պետք է անի. այդ դիմումին կարող են միանալ կոնգրեսական եւ այլ շրջանակներ, բայց հիմնականը պիտի որ Ամերիկայի հայ համայնքը անի դա», - ընդգծեց Կիրո Մանոյանը:

Ըստ նրա` պայքարը պետք է տանել երկու հիմնական ուղղություններով. - «Կա հիմնական երկու ուղղություն, մեկը` իրավական, որը նշանակում է իրավական գործընթացներ ձեռնարկել, որպեսզի այս վճիռը բեկանվի, շրջվի, առնվազն ինչ-որ տեղ սահմանափակվի, եւ երկրորդը` քաղաքական, որտեղ Միացյալ Նահանգների նախագահը պետք է հստակ դարձնի, որ Ամերիկայի կեցվածքը ցեղասպանության փաստը ժխտել չի եղել, ոչ էլ որեւէ մեկին արգելել, որ այդ դեպքերը ցեղասպանություն որակի, պարզապես իրենք համաձայն չեն եղել մինչեւ հիմա այդպես անել, իսկ նախագահը ինքը կարող է նաեւ իր տեսակետը արտահայտել, որ ինքը միշտ էլ այդ դեպքերը որակել է ցեղասպանություն»:

Միացյալ Նահանգների դաշնային դատարանը անցյալ շաբաթ հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում 2000 թվականին ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները: Դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG