Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Անկարա է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Թուրքիայում նա կհանդիպի երկրի նախագահի, վարչապետի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը լինելու են Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունները: Անկարա ժամանելուց առաջ ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում Ռասմուսենը խոսել է այն տարաձայնությունների մասին, որ ունեն ՆԱՏՕ-ի անդամ այս երկու պետությունները:

«Մենք գիտենք, որ Աթենքի եւ Անկարայի երկկողմ հարաբերություններում խնդիրներ կան: Այսօր, սակայն, դրանք հասել են մի այնպիսի հանգրվանի, երբ բացասաբար են ազդում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող առաքելությունների վրա», - ասել է Ռասմուսենը իր վիդեո-բլոգում տեղադրված ուղերձում:

Թուրքական «Հյուրիեթ»-ը նկատում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` ինտերնետի միջոցով հնչեցված գնահատականները բավական կոշտ են:

«Թե’ Աֆղանստանում եւ թե’ Արեւելյան Աֆրիկայում` Հունաստանի ու Թուրքիայի տարաձայնությունների պատճառով մենք չենք կարողանում Եվրամիության հետ գործակցության համաձայնագրեր կնքել: Աֆղանստանում ՆԱՏՕ-ն չի կարողանում ավարտին հասցնել այդ երկրում Եվրամիության ոստիկանական ուժերին սատարելու մասին համաձայնագրի կնքումը: Իսկ Աֆրիկայում թե’ ՆԱՏՕ-ն եւ թե’ Եվրամիությունը ծովահեննների դեմ պայքար են սկսել: Երկկողմ համաձայնագրի բացակայությունը, սակայն, թույլ չի տալիս հստակեցնել, թե որ կողմն ինչ է անելու», - հայտարարել է Ռասմուսենը:

Նրա խոսքով, բերված երկու օրինակները բավարար են` հասկանալու համար, «թե ինչ հեռահար ազդեցություն ունեն հույն - թուրքական տարաձայնությունները Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության վրա»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է հետեւողական լինել ու այս հարցը քննարկել դաշինքի անդամ երկու պետությունների ղեկավարների հետ:

«Ես լրջորեն մտադրվել եմ հույն - թուրքական հարաբերությունների բարելավման հարցը բարձացնել թե’ Անկարայում եւ թե’ Աթենքում», - նշել է Ռասմուսենը` հույս հայտնելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողություններում ի վերջո կհաղթի «պրագմատիկ մոտեցումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG