Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչը բացառում է, որ Հայաստանի հարցը քննարկվի առաջիկա լիագումար նիստում


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գրեթե բացառեց, թե գալիք աշնանը մեզ կարող են ինչ-որ սրացումներ սպասել Ստրասբուրգում։

«Աշնանային նստաշրջանում դժվար թե լիագումար նիստում քննարկվի Հայաստանի հարցը», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ, Գրիգորյանը համոզված է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցը չի կարելի փակված համարել։ Վեհաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանություներն ամբողջովին դեռ չեն կատարել ԵԽԽՎ-ի թիվ 1677 բանաձեւի դրույթները։ Իսկ որոշ դեպքերում անգամ անտեսում են բանաձեւում տեղ գտած կոչերը։ Խոսքը, օրինակ, վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կալանավորմանը. ԵԽԽՎ-ի թիվ 1677 բանաձեւում ընդգծված հորդոր կա ընդհատակում գտնվողների նկատմամբ խափանման միջոցը կալանք չընտրելը։

«Հարցը փակված կլինի այն ժամանակ, երբ այդ բանաձեւի բոլոր կետերը կատարված կլինեն: Այդ բանաձեւի բազմաթիվ կետերը դեռեւս կատարված չեն, եւ ես չեմ կարծում, որ Եվրոպայի խորհուրդը դա պատրաստվում է հավերժ հանդուրժել»:

Արման Գրիգորյանը ավելացնում է, որ ամեն դեպքում սեպտեմբերին ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ զեկույց է լսելու։ Զեկույցն այսօր պատրաստվում է Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղարության Հայաստանի գծով պատասխանատու պաշտոնյայի` Բաս Քլայնի կողմից։

«Ոչինչ Եվրոպայի խորհրդին չի խանգարում նորից Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմի տակ դնելու՝ եթե Հայաստանի իշխանությունները իսկապես որոշեն, որ հարցը փակված է եւ 1677 բանաձեւի պահանջներն ու հորդորները պարզապես որոշեն անտեսել»:
XS
SM
MD
LG