Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր երիտասարդի դատավարությունը հետաձգվեց


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը հետաձգվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդու` Վահագն Գեւորգյանի գործով դատական նիստը:

Նիստը հետաձգվեց, որովհետեւ Վահագնի պաշտպանը առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։

Ընդդիմադիր «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 136 եւ 316 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով («Ուրիշի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելու» եւ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ), որի համար նախատեսված է պատիժ նվազագույն աշխատավարձի հայուրապատիկից-հինգհարյուրապատիկի չափով տուգանքից մինչեւ հինգ տարվա ազատազրկում։

Խոսքը, հիշեցնենք, Հյուսիսային պողոտայում ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ ոստիկաններն արգելում էին ընդդիմադիրների մուտքը Հյուսիսային պողոտա եւ երեկոյան 4 երիտասարդներ, այդ թվում Վահագն Գեւորգյանը, բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունք։ Իրավապահների պնդմամբ՝ երիտասարդներն էին իրենց նկատմամբ բռնություն գործադրել ու վիրավորել, իսկ ընդդիմությունն էլ հակառակն էին պատմում՝ որ ոստիկաններն էին «լրիվ անտեղի վեճ հրահրել, ժառգոնային ոճով պահանջել արագ դուրս գալ պողոտայից»:

Վահագնը եւ նրա պաշտպանական կողմը մտավախություն ունեն, որ առաջին գործի քննությունը դեռ չավարտված, իր դեմ «սարքվում է» երկրորդ գործը՝ ապրիլի 29-ին Անգլիական այգում տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ քաղաքացիական հագուստներով անձինք հարձակվել էին ընդդիմության հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա, փորձել խլել թռուցիկները, ապա նրանց ծեծի ենթարկել։ Հետո պարզվեց, որ նրանք իրավապահներ են եղել։ Ու թեեւ Վահագնը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել թիվ 1 հիվանդանոց, սակայն այսօր նա գործով անցնում է ոչ թե որպես տուժող, այլ որպես վկա։ Ընդ որում, նրան սկսել են հարցաքննել դեպքից 4 ամիս անց՝ օգոստոսի կեսերից։

Վահագն Գեւորգյանի հայրը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց, որ դա համարում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով երիտասարդների սկսած ուրբաթօրյա երթերի հետեւանք:

«Ես համոզված եմ, որ հենց դրանով է պայմանավորված», - ասաց նա: - «Առջեւում ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի [հանձնաժողովի] նիստն է, եւ իրենք չեն ուզում շատ աղմուկով օպերացիաներ իրականացնել: Փորձում են այդ կերպ վախեցնել»:

Հայկ Գեւորգյյանը համոզմունք հայտնեց, որ վերջնական նպատակը իր որդու նկատմամբ նոր մեղադրանք առաջադրելն է. - «Երեկ առերեսում են արել երեք հոգու հետ, ընդ որում՝ առերեսվողներից մեկը նաեւ փոքր որդուս գործով է անցնում որպես տուժող»:

Անցած ամիս, հիշեցնենք, խուլիգանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հայկ Գեւորգյանի կրտսեր որդու` 14-ամյա Հերբերտ Գեւորգյանի նկատմամբ. հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով, երբ թռուցիկ բաժանողները պնդում էին,որ ոստիկաններն են իրենց ծեծել, նրանք էլ հակառակն էին ասում՝ թե երիտասարդներն են իրենց աշխատակիցների վրա հարձակվել: Երիտասարդներից` Տիգրան Առաքելյանին, հիշեցնենք, կալանավորեցին, Հերբերտ Գեւորգյանին 258 հոդվածի երրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով մեղադրանք առաջադրեցին, իսկ ոստիկաններից որեւէ մեկը չպատժվեց։

Հայկ Գեւորգյանը իր որդիների նկատմամբ քրեական հետապնդումը պայմանավորում է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում իր գործունեությամբ՝ հիշեցնելով. - «Չորս հոգի արդեն ենթարկվել են քրեական հետապնդման. Վահագն Հովակիմյանի հայրը՝ մարտի 1-ի դեպքերից հետո, Նիկոլ Փաշինյանը, որ հիմա կալանավայրում է, եւ իմ երկու տղաները, ում դեմ գործեր են հարուցված»:
XS
SM
MD
LG