Մատչելիության հղումներ

Դաշնակցություն. «Հայ - թուրքական գործընթացի լրջագույն վտանգները չեն վերացվում»


Դաշնակցությունը շարունակում է վտանգավոր համարել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը եւ համոզված է, որ այն պետք է կանխվի:

Կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի` երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության համաձայն, «չեն վերացվում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի լրջագույն վտանգները», հետեւաբար` ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղից առաջ Դաշնակցությունը վերստին պահանջում է «դադարեցնել թուրքական շահերի սպասարկմանը ծառայող բանակցությունները; թույլ չտալ, որ Թուրքիան իր միջազգային պարտավորությունները կատարի՝ միաժամանակ Հայաստանին զիջումներ պարտադրելով; դիվանագիտական ձախողումների անմիջական պատասխանատու ԱԳ նախարարի հրաժարականը»։

Իրազեկելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ Երեւանի կենտրոնում իր կողմից հրավիրվող հանրահավաքի մասին` կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ «այսօր, բանակցությունների նորօրյա ակտիվացման պայմաններում մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ժողովրդի հաղթանակին եւ ստիպել հարգելու Արցախի ինքնորոշման փաստը; մերժել մեզ պարտադրվող ցանկացած զիջում; պահանջել բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ»։

«Դրսեւորենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը ԼՂՀ անկախության եւ անվտանգության պաշտպանության հարցում, կանխենք հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վտանգավոր ընթացքը», - ասված է Դաշնակցության գերագույն մարմնի հաղորդագրությունում:

Ինչպես չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության Գերագույն մարմնի անդամ Արտյուշա Շահբազյանը, սեպտեմբերի 2-ին նախատեսված հանրահավաքից բացի` Դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր պահանջները կշարունակի ներկայացնել նաեւ այլ եղանակներով:

«Իհարկե, խնդրի արծարծումը ընդհանրապես համարում ենք կարեւոր, եւ, իհարկե, չի սահմանափակվի սեպտեմբերի 2-ով եւ ուղղակի միայն հանրահավաքներով», - վստահեցրեց Շահբազյանը:

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների առնչությամբ, որոնք Դաշնակցության հաղորդագրությունում որակված են «թուրքական շահերի սպասարկմանը ծառայող», դաշնակցական գործիչը ասաց. - «Դրանք անպտուղ են` ժամանակը ցույց տվեց, այդ մասին խոսեցին ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազգային քաղաքական ներկայացուցիչներ»:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի` Դաշնակցության պահանջը, հայտարարեց. - «Արտգործնախարարը իրականացնում է այսօրվա քաղաքական կոալիցիայի եւ նախագահի կամարտահայտությունը արտաքին հարաբերություններում, այնպես որ, եթե արտգործնախարարի հրաժարական պահանջում են, դա նշանակում է նաեւ` քաղաքական կոալիցիային են կպնում: Իհարկե, հեշտ է այսօր պահանջել այն նախարարի հրաժարականը, որի հետ դու արդեն մի կոալիցիայում չես, իսկ մինչեւ այդ շատ դժվար կլիներ, բնականաբար»:

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, իր հերթին, տրամաբանական չի համարում Դաշնակցության ուղերձում տեղ գտած պահանջը` «բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ»:

«Իհարկե, դա տրամաբանական չէ, որովհետեւ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի [խնդրի] լուծման հակահայկական քաղաքականությունը, Դաշնակցությունը իր կողքը կանգնած էր, եւ երեւի երախտապարտ լինելով` չէր խառնվում Ռոբերտ Քոչարյանի գոնե քաղաքականությանը եւ չէր նշում այդ սխալները: Եվ այսօր, փաստորեն, երբ գործընթացը դառնում է անդառնալի, հանկարծ Դաշնակցությունը հիշեց, որ ինչ-որ սխալ բան է տեղի ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր գործիչը` եզրակացնելով. - «Այս ամեն ինչը ավելի շատ կապված է ոչ թե օբյեկտիվ իրավիճակի, այլ անհատների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG