Մատչելիության հղումներ

Լրացավ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման մեկ տարին


Ցխինվալիում տոնում են Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, 26 օգոստոսի, 2008
Ցխինվալիում տոնում են Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, 26 օգոստոսի, 2008

Հարավային Օսիան եւ Աբխազիան չորեքշաբթի օրը հանդիսավորապես նշում են Ռուսաստանի կողմից իրենց անկախության ճանաչման մեկամյակը:

2008 թվականի օգոստոսի 26-ին` Վրաստանի դեմ կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց. - «Հաշվի առնելով աբխազ եւ օս ժողովուրդների ազատ կամքի դրսեւորումը, առաջնորդվելով ՄԱԿ -ի կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերով` ես հրամանագրեր եմ ստորագրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին»: «Դա հեշտ ընտրություն չէ, սակայն դա է մարդկանց կյանքը պահպանելու միակ հնարավորությունը», - ընդգծեց Ռուսաստանի առաջնորդն ու կոչ արեց աշխարհի մյուս պետություններին եւս` հետեւել Կրեմլի օրինակին:

Անցած մեկ տարվա ընթացքում, սակայն, այդ կոչին հետեւեց միայն Նիկարագուան: Չնայած բազմաթիվ կուլիսային բանակցություններին` Վրաստանից անջատված շրջանների անկախությունը չճանաչեց անգամ Ռուսաստանի դաշնակից Բելառուսը:

«Արդյոք այդ փաստը չի՞ մտահոգում ձեզ», - օրերս Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշին հարցրել էր ռուսական օրաթերթերից մեկի թղթակիցը: «Մենք չենք ուզում որեւէ մեկից խնդրել, մեկ տարի առաջ մեր անկախությունը ճանաչել է երկրագնդի ամենամեծ պետությունը, աշխարհի գերտերություններից մեկն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի անդամը, մյուսները թող այժմ մտածեն այս հարցի շուրջ», - հակադարձել է Աբխազիայի առաջնորդը:

Ռուսաստանը շարունակում է քաղաքական եւ սոցիալ-տնտեական աջակցությունը Հարավային Օսիային եւ Աբխազիային: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, միայն անցած մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնման համար Հարավային Օսիային տրամադրել է շուրջ 320 միլիոն դոլար:

Կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը քննարկելու նպատակով չորեքշաբթի օրը Մոսկվա է ժամանում Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG