Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 26-ի մամուլ


«Ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ, եւ նրան հարցրել. - « Այս ընթացքում, ինչ գործում է հանձնաժողովը, իշխանությունները երբեւէ միջամտե՞լ են ձեր աշխատանքին: Մասնավորապես, մարտի 1-ի գլխավոր դերակատար Ռոբերտ Քոչարյանը զեկույցի պատրաստմանը որեւէ կերպ փորձո՞ւմ է միջամտել»: Նիկոյանը արձագանքել է. - «Ես ուզում եմ, որ այն, ինչ պիտի ասեմ, ճիշտ մեկնաբանվի: Մեկ-մեկ ես ինքս ինձ ասում եմ՝ Աստված տար միջամտեին: Բացարձակապես ոչ մի միջամտություն չի եղել, իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին՝ առավել եւս: Որովհետեւ ես չեմ պատկերացնում, թե նա ինչպես պետք է միջամտեր, նա հանձնաժողովի վրա ազդեցության ի՞նչ լծակներ ունի: Յուրաքանչյուր մարդ մտածում է, որ անկախ այն բանից՝ ով երբ ինչ պաշտոն է զբաղեցրել, ինքն ունի իր ինքնասիրությունը, իր պատիվը, նույնն էլ ունի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ՝ իր պատիվը, իր ինքնասիրությունը, որի համար ինքը դողում է, եւ որեւէ մեկը չի պատրաստվում որեւէ մեկի արժանապատվության կամ իմիջի համար իրենը զոհաբերել: Հանձնաժողովի որեւէ անդամ եւ ես էլ պատրաստ չեմ դրան»:

«Առավոտ»-ը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Վերջինիս հիշեցնելով նրա՝ նախկինում հնչեցրած կոշտ գնահատականները զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների հասցեին՝ թերթը ցանկացել է պարզել՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին եւ Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի նոր սկզբունքների խնդրում որքանո՞վ է խառը անձամբ իր մատը: Սահակյանը պատասխանել է. - «Եթե խոսքը վերաբերում է Ազգային ժողովի կարգի փոփոխությանը, ապա Ազգային ժողովը իր կանոնակարգին համապատասխան փոփոխություններ է կատարում: Մեր խմբակցությունը եւս իր մասնակցությունը ունի, եւ մենք եւս առաջարկներ ենք արել: Թույլատրվել է մասսայական միջոցառման ժամանակ, որը նիստն է, հանձնաժողովի նիստն է, բոլորն ազատ մուտք ունենան՝ ըստ մամուլի մասին օրենքի: Իսկ ինչ վերաբերում է ամեն օր գալուն, դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղ լրագրողի համար: Սակայն որեւէ այլ ինստիտուտում լրագրողների այդքան ազատ մուտք չկա»:

«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է զրուցել ՀՀԿ-ի մյուս փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ: Նա ասում է. - «Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի արտահայտություններին, իրենք, այո, հոգեբանորեն արդեն տվել են Ղարաբաղը՝ 1997 թվականին տալիս էին, մենք իրենց ձեռքը բռնեցինք, չթողեցինք, որ տան։ Մեր մասով՝ Ղարաբաղը տրված չէ եւ չի տրվելու։ Այսօր խոսքը ազատագրված տարածքների մասին է, բայց դրանք էլ տրված չեն ու չեն տրվելու։ Այն ժամանակ՝ 97-ին, ինքնորոշման մասին ընդհանրապես խոսք չկար, իսկ այսօր նույն Մադրիդյան սկզբունքներում հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»։

Իսկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ երեկվանից սկսվել է Երկրապահ կամավորական միության ամենամյա ուխտագնացությունը Ղարաբաղ: Ամեն անգամ ամռանը ԵԿՄ-ի ղեկավար կազմը՝ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, այցելում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի եւ Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, որտեղ հանդիպումներ է ունենում տեղի բնակիչների հետ: Այս հանդիպումներին մասնակցում են նաեւ գեներալներ Արթուր Աղաբեկյանը եւ Սեյրան Սարոյանը: Ինչպես մեզ հայտնի դարձավ, այդ հանդիպումների ընթացքում ղարաբաղցիները գեներալներին կոնկրետ հարցեր են ուղղել, հատկապես՝ ազատագրված տարածքների վերադարձի կապակցությամբ: Ուշագրավ է,սակայն, որ թեեւ գեներալները բավականին խրոխտ ելույթներ են ունեցել, իրենց ելույթներում խուսափել են կոնկրետ անուններ նշելուց եւ չեն մասնավորեցրել, թե, օրինակ, ինչ կանեին իրենք, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները համաձայնության գան տարածքների հանձնման շուրջ»:

«Ազգ»-ը գրում է. - «Երբ կառավարությունում հաստատվեց Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը, հերթական անգամ տեղի ունեցավ մեզանում հաճախ կրկնվող անհեթեթությունը: Այսինքն՝ տարիներ շարունակ հասարակությունը, լրատվամիջոցները պայքարում են ինչ-որ խնդրի լուծման համար, քննադատում են իշխանություններին ու կառավարությանը այդ հարցի լուծումը չտալու կամ ուշացնելու համար, բայց երբ այդ լուծումը տրվում է, հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են քննադատել խնդրի լուծման փաստը»:

«Ազգ»-ը գրում է. - «Երբ կառավարությունում հաստատվեց Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը, հերթական անգամ տեղի ունեցավ մեզանում հաճախ կրկնվող անհեթեթությունը: Այսինքն՝ տարիներ շարունակ հասարակությունը, լրատվամիջոցները պայքարում են ինչ-որ խնդրի լուծման համար, քննադատում են իշխանություններին ու կառավարությանը այդ հարցի լուծումը չտալու կամ ուշացնելու համար, բայց երբ այդ լուծումը տրվում է, հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են քննադատել խնդրի լուծման փաստը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG