Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը լուրջ սպասելիք չունի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցից


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես երեքշաբթի օրը փոխանցեց կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը «լուրջ սպասելիք չունի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման գործընթացից եւ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ամփոփիչ զեկույցից»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խաչատրյանը ասաց, թե ի սկզբանե պարզ էր, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ լինել չէր կարող:

«Առաջին հերթին, որովհետեւ օրենքով ստեղծված հանձնաժողովը, ըստ էության, օժտված չէր որեւէ լիազորությամբ, որ դուրս էր գալիս սովորական պատգամավորի լիազորություններից», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Երկրորդ, իհարկե, մենք բոլորս լավ գիտենք՝ եթե ինչ-որ մի գործ ուզում ես վերջնականապես փլուզել, կասեցնել, ապա ստեղծում ես հանձնաժողով, որ այդ աշխատանքով զբաղվում է»:

Նրա խոսքով, «չափազանցություն կլինի ասել, որ հանձնաժողովը որեւէ կերպ լույս է սփռել մարտիմեկյան իրադարձությունների մութ կողմերի վրա»։

Հաշվի առնելով մարտիմեկյան իրադարձություններից հետո ձերբակալված ընդդիմադիրների նկատմամբ դատավարությունները, երբ, իր բնորոշմամբ՝ «ով ինչ երբ ուզում ներկայացնում էր, շատ դեպքերում մեղադրանքների հիմքը մնում էր անհասկանալի»՝ Խաչատրյանը կարծում է, որ հանձնաժողովի եզրակացությունն էլ լինելու է նույն տրամաբանության շրջանակներում. - «Իշխանություններից որեւէ մեկը մեղավոր չէ, մինչդեռ ընդդիմությունից անգամ անհայտ անձինք, ովքեր դժվար է պատկերացնել, թե ինչով կարող էին մեղավոր լինել, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անցկացրեցին ճաղավանդակների հետեւում: Այս տրամաբանության եւ այս փիլիսոփայության մեջ է լինելու նաեւ հանձնաժողովի վերջնական զեկույցը, եւ, մեր խորին համոզմամբ, գոնե մասնակի լիցքաթափմանը հասարակության այս զեկույցը թերեւս պիտանի չլինի»:

Հարցին, թե հանձնաժողովը չի՞ կարողանում, թե չի՞ ցանկանում բացահայտել մահվան մի շարք հանգամանքներ, Վարդան Խաչատրյանը արձագանքեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված քաղաքական ուժերը այն ժամանակ էլ իշխանության մեջ էին, այդ օրվա արյան համար ինչ-որ տեղ պատասխանատվություն են կրում, ուստի, բնականաբար, նրանց համար անընդունելի կլինեն այն նյութերը, որոնք արմատապես կտարբերվեն «իշխանական մամուլի շնորհիվ կերտված խճանկարից»։

Այնուհանդերձ, «ժառանգություն» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը ԵԽԽՎ մոնիթորինգի տակ է, եւ մարտի 1-ի լիարժեք չբացահայտումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

Մինչդեռ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ մարտիմեկյան դեպքերի հանգամանքների լիարժեք չբացահայտման պարագայում մեր երկրի վարկանիշը կվտանգվի միջազգային ասպարեզում. - «Հանձնաժողովը բավականին լավ է աշխատել: Բոլորիս համար էլ պարզ է, որ եվրոպական շահագրգիռ կազմակերպությունները նաեւ իրենց գնահատականն են տալու: Ես կարծում եմ, որ հանձնաժողովի աշխատանքը պրոֆեսիոնալ միջավայրում կգնահատվի դրական»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գալուստ Սահակյանը հավելեց, որ հանձնաժողովը լիովին կատարել է այն խնդիրները, որ խորհրդարանը իր առջեւ դրել է։ Ինչ վերաբերում է վերջնական զեկույցին, այն ըստ Սահակյանի, հնարավոր է եւ այն չգոհացնի հանրությանը, իրեն էլ չի գոհացնի, որովհետեւ 10-ը զոհերի մահվան մասին լիարժեք տեղեկատվություն չկա:

Օրերս ընդդիմությունը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով, մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողովի վերջնական զեկույցը գրվում է ոչ թե հանձնաժողովում, այլ գործադիր իշխանության կաբինետներում։ Այսօր էլ մամուլում կային հրապարակումներ, թե զեկույցը գրվում է դատախազությունում, եւ մինչեւ Սամվել Նիկոյանի կողմից հրապարակվելը պետք է հավանության արժանանա նախագահական նստավայրում։

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «զրպարտություն եւ սուտ» որակեց այդ հրապարակումները՝ հայտարարելով, որ զեկույցը գրում են անկախ փորձագետ-իրավաբաններն ու հանձնաժողովի անդամները:

«Երբ որ վստահորեն ասվում է, թե էստեղ-էնտեղ գրվում է, սա նշանակում է, որ միտումնավոր խեղաթյուրվում է իրականությունը։ Միտումնավոր փորձում են հանրության համար ստեղծել կեղծ տպավորություն կամ տարածել կեղծիք։ Այդ աշխատանքը, որ արվում է, միանշանակ ծնվել է հանձնաժողովում։ Ինչպես որ հանձնաժողովի աշխատանքները սկսելուց առաջ փորձ արվեց վարկաբեկել հանձնաժողովի գաղափարը, այսօր էլ դեռ զեկույցը չլսած փորձ է արվում վարկաբեկել այդ զեկույցը։ Գուցե նաեւ այլ նպատակ կա՝ ինչ-որ ճնշում գործադրել հանձնաժողովի վրա», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG