Մատչելիության հղումներ

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը ավելանում է


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Չնայած միջազգային տնտեսական ճգնաժամին` Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը ավելանում է:

Երկրի զբոսաշրջության նախարարության` երկուշաբթի օրը հրապարակած տվյալների համաձայն, մասնավորապես, այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ամսվա համեմատ Թուրքիա այցելողների թիվը ավելացել է գրեթե 6 տոկոսով` անցնելով 4 միլիոնից:

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել շուրջ 15 միլիոն զբոսաշրջիկ:

«Անատոլիա» լրատվական գործակալության հաղորդմամբ` օտարերկրացիները ամենից շատ նախընտրում են Անթալիան: Այս տարի, ըստ պաշտոնական տվյալների, երկրի հարավում գտնվող այս ծովափնյա հանգստավայր է մեկնել ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ:

«Մենք աչքի ենք ընկնում, նախեւառաջ, մեր առաջարկած բարձրակարգ ծառայություններով եւ հարմարավետ հյուրանոցներով», - հայտարարել է Անթալիայի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը եւ վստահեցրել, որ այս հանգստավայրը լավագույն պայմաններն է առաջարկում տարածաշրջանում:

«Անատոլիա» գործակալության փոխանցմամբ` զբոսաշրջիկների պակաս չի զգում նաեւ արեւելյան Վան նահանգը: «Ուրարտու թագավորության այս մայրաքաղաքը բազմաթիվ պատմական եւ բնական հրաշքներ ունի` Աղթամարից մինչեւ Վանա լիճ», - հաղորդում է թուրքական լրատվական գործակալությունը` նշելով, որ այս վայրերն էլ հենց գրավում են օտարերկրացիների ուշադրությունը: «Ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են գալիս Աղթամար` Սուրբ Խաչ եկեղեցի, որը կառուցվել է հայ թագավոր Գագիկ Արծրունու կողմից 915-921 թվականներին», - հաղորդում է «Անատոլիա»-ն:

Ըստ պաշտոնական տվյալների` միայն անցած տարվա ընթացքում Թուրքիան զբոսաշրջությունից ավելի քան 20 միլիարդ դոլարի շահույթ է ստացել, ինչը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը:

«Այս տարի, ճիշտ է, զբոսաշրջիկների թիվը չի նվազել, սակայն ճգնաժամի հետեւանքով մարդիկ սկսել են ավելի քիչ ծախսել», - «Ռոյթերզ» գործակալությանը ասել է ոլորտի փորձագետներից Օզգուր Ալթուգը:

Չնայած դրան, պաշտոնյաները ակնկալում են տարվա ընթացքում ոլորտից ստանալ ավելի քան 21 միլիարդ դոլարի եկամուտ, հաղորդում է «Ռոյթերզ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG