Մատչելիության հղումներ

logo-print

Երկուշաբթի օրվանից Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ։ Հայաստանյան փորձագետներից ոմանք կարծիք են հայտնում, որ նոր թղթադրամի մուտքը հայաստանյան արժույթի արժեզրկման նախանշաններից է:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, հարյուր հազարանոցի մուտքը հիմնականում միտված է սպասարկել տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք ներգրավված են խոշոր գործարքների մեջ:

Հայաստանյան փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս. արդյոք հարյուր հազար անվանական արժեքով թղթադրամների մուտքը շուկա կնպաստի՞ դրամի արժեզրկմանը, կամ արդյոք հարյուր հազարանոցի մուտքը նախանշան չէ՞, որ առաջիկայում հայաստանյան արժույթին սպավում է արժեզրկում։

Վախթանգ Աբրահամյանը այս կապակցությամբ ասաց, թե իրենց մասնագետները ուսումնասիրել են հարցը եւ եկել եզրակացության, որ հարյուր հազարանոցի մուտքով դրամին արժեզրկում չի սպառնում։

«Մեր գնահատականներով, 100 հազարանոցը կզբաղեցնի մետ երեք տոկոսը կանխիկ շրջանառության մեջ, ինչը որեւիցե ազդեցություն փոխարժեքի կամ ինֆյացիայի տեսանկյունից չի կարող թողնել տնտեսության վրա», - հավելեց նա՝ շարունակելով. - «Մենք ուսումնասիրել ենք, օրինակ, մերձբալթյան երկրների փորձը, որտեղ ամենամեծ նոմինալը Լիտվայում, օրինակ, մոտավորապես 1000 եվրոյին համարժեք է: [Այդ փորձը] ցույց է տալիս, որ, ընդհակառակը՝ դա շատ հեշտացնում է եւ խուսափել է տալիս գործարքները այլ արժույթով իրականացնելուց»:

Մինչդեռ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, եթե մեծ անվանական արժեքով թղթադրամներ են շջանառության մեջ մտնում, ապա երկրի ֆինանսական պատասխանատուները, իրականում, կանխատեսում են, որ տեղի է ունենալու դրամի արժեզրկում։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի ներկայացմամբ, հարյուր հազար անվանական արժեքով թղթադրամների մուտքը շուկա չի կարող որեւէ ազդեցություն ունենալ դրամի արժեզրկման վրա, քանի որ հարյուր հազարանոցները միտված չեն լինելու մեծացնել շրջանառվող դրամի զանգվածը, այլ ընդամենը փոխելու են այդ զանգվածի կառուցվածքը։

«Կարծում եմ, այստեղ հիմքում նաեւ դրական բան կարող է լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ասատրյանը: - «Ի վերջո խոշոր թղթադրամները նաեւ դոլարիզացիայի դեմ պայքարի միջոց է»:

Հայտնի է, որ հատկապես վերջին տարիներին կառավարությունն ու Կենտրոնական բանկը միջոցներ են ձեռնարկում տնտեսության մեջ փոքրացնելու կանխիկ դրամի շրջանառության ծավալները, եւ այդ ֆոնին հարյուր հազարանոցի մուտքը շուկա կարծես թե հակասում է գործադիրի որդեգրած այդ տրամաբանությանը։

Հարցին, թե արդյոք հակասություն չի տեսնում այստեղ, Վախթանգ Աբրահամյանը պատասխանեց. - «Տնտեսության բնականոն գործունեության համար պետք է լինի ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ: Կենտրոնական բանկի եւ կառավարության նախաձեռնությունը ավելի շատ ուղղված է անկանխիկի զարգացմանը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG