Մատչելիության հղումներ

logo-print

Շուշիում լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում


Շուշիում մեծ թափով ընթանում են ոչ միայն վերանորոգման աշխատանքներ, այլեւ նոր շենքեր են կառուցվում՝ պայմանավորված պետական որոշ կառույցների տեղափոխմամբ Շուշի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շուշիի վարչակազմի ղեկավար Գեորգի Հայրյանը տեղեկացրեց նաեւ, որ լուրջ ծրագիր է իրականացվում նաեւ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար:

«Ծրագիր է ներկայացված «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ինչպես հայտնի է այս տարվա հանգանակությունները կուղղվեն Շուշի քաղաքին», - ասաց Հայրյանը:

Նրա խոսքով, Շուշիի շրջանում պետական ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման համար պետբյուջեից տրամադրվել է 70 մլն դրամ:

Վարչակազմի ղեկավարն ասաց, որ ներկայումս հիմնանորոգվում են քաղաքի մի քանի փողոցներ, Շուշիի մարզադպրոցը, կառուցվում է պատկերասրահ:

«Շուշին շատ վատ վիճակում է գտնվում, կոպիտ ասած՝ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, եւ խնդիր կա այդ վիճակից հանելու», - ասաց նա՝ հավելելով, որ շինարարական ակտիվությունը կապված է պետական որոշ կառույցները Շուշի տեղափոխելու հետ:

Հայրյանի խոսքով, շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2011 թվականին:
XS
SM
MD
LG