Մատչելիության հղումներ

Օբաման արձակուրդը կանցկացնի իր քաղաքական հակառակորդի ֆերմայում


Ամռան վերջին շաբաթը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ կանցկացնի Մարտաս-Վինյարդ կզում։ Մասաչուսեթս նահանգի ափերից ոչ հեռու գտնվող այս կղզում Օբամաների ընտանիքը 12 հեկտար ընդհանուր տարածքով մի ֆերմա է վարձել։

Ամերիկացի լրագրողները պարզել են, որ ֆերմայի սեփականատերը Օբամայի քաղաքական հակառակորդներից է՝ Հանրապետական կուսակցության առաջատար գործիչներից, գործարար՝ Ուիլյամ Վան Դեվենդերը, ով ակտիվորեն ֆինանսավորում էր Օբամայի հակառակորդ Ջոն ՄըքՔեյնի նախընտրական արշավը։

Lրատվամիջոցները նաեւ կարողացել են պարզել, որ վարձակալական ծախսերի մի մասը Բարաք Օբաման հոգալու է սեփական գրպանից։ Գումարի մյուս մասը վճարվելու է պետական բյուջեից։

Մարտաս-Վինյարդում գտնվող նման ֆերմայի մեկշաբաթյա վարձակալության միջին գինը 42 հազար դոլար է։

Օբաման հանգստի է մեկնում իր համար ոչ այնքան բարենպաստ իրավիճակում։ Բանն այն է, որ նախագահական արձակուրդի մեկնարկից հաշված ժամեր առաջ հրապարակվեցին Washington Post թերթի եւ ABC News հեռուստաընկերության պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնց համաձայն ԱՄՆ-ի նախագահի վարկանիշն առաջին անգամ կտրուկ կերպով նվազել է։ Եթե ապրիլին Օբամայի գործունեությանը հավանություն էր տալիս ամերիկացիների գրեթե 70 տոկոսը, ապա վերջին 4 ամսում այս ցուցանիշը նվազել է 12 կետով` հասնելով 57 տոկոսի։

Հարցման համաձայն, ամերիկացիների 49 տոկոսն է միայն հավանություն տալիս Օբամայի կայացրած որոշումներին։ Ամերիկացիների 53 տոկոսին դուր չի եկել բյուջեի դեֆիցիտը լրացնելու ուղղությամբ Օբամայի վարչակազմի ձեռնարկած քայլերը։

Վերջին շաբաթներին ամերիկյան ներքաղաքական դաշտում քննարկման գլխավոր թեմա դարձած բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխումները եւս չեն շրջանցվել հարցման հեղինակների կողմից։ Պարզվում է, որ պետական ապահովագրական ընկերություններ ստեղծելու՝ Օբամայի առաջարկին կողմ է ամերիկացիների 52 տոկոսը, ինչը զգալիորեն պակաս է հունիսին անցկացված հարցման արդյունքներից՝ 60 տոկոս։

Հարցումը նաեւ պարզել է, որ Օբաման շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել երիտասարդության շրջանում։18-ից 29 տարեկան ամերիկացիների շրջանում նրա վարկանիշը 60 տոկոս է։ Տարեց ամերիկացիների միայն 42 տոկոսն է կարծում, որ Օբաման ի վիճակի է ճիշտ որոշումներ կայացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG