Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյանի պնդմամբ՝ «չկա ոստիկանների կողմից կատարված սպանության որեւէ փաստ»


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ իրենք չունեն անցած տարվա մարտի 1-2-ին ոստիկանների կողմից սպանություն կատարելու որեւէ փաստ:

«Այս պահին մեզ մոտ ոչինչ չկա, որ ոստիկանը ոստիկանին պիտի սպանած լիներ կամ ինչ-որ մեկին», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ալիկ Սարգսյանը: - «Այսպիսի փաստեր մենք ընդհանրապես չունենք»:

3 մարդու կյանք խլած հատուկ միջոցներ («Չերյոմուխա - 7») կիրառած երեք ոստիկանների եւ նրանց հրաման տվողների նկատմամբ, ոստիկանապետի պնդմամբ, իրականացվել է ծառայողական քննություն եւ նյութերը ուղարկվել են քննչական մարմին:

«Ավելին այս պահին ինձանից մի հարցրեք, հարցրեք այն մարմնից, ով որ կոմպետենտ է եւ քննությունն է կատարել», - հավելեց նա՝ շարունակելով. - «Ինչո՞ւ եք անպայման քավության նոխաղ գտել ոստիկանությունն ու ուզում եք ոստիկանության մեջ անպայման մի բան գտնեք: Ոստիկա՞ն եք ուզում պատժվի՝ խնդիր չկա, պատժվելու են: Այն մարդիկ, ովքեր մահակով մեկին հարվածել են, ովքեր քաշքշել են: Ես արդեն ներկայացրել եմ Հատուկ քննչական ծառայություն, շուտով կիմանաք դրա վերաբերյալ»:

Հանդիպմանը ոստիկանապետը խոստացավ մոտ օրերին երկու աղմկահարույց գործերի հետ կապված բացահայտումներ անել եւ ձերբակալել հանցագործներին: Բացահայտումները, սակայն, չեն վերաբերում փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությանը: Այդ ուղղությամբ դեռեւս օպերատիվ աշխատանք է կատարվում:

Ոստիկանությունը պարզել է, որ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տեղի ունեցած միջադեպում, որի հետեւանքով գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը հրազենային վնասվածք էր ստացել, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը մեղավոր չէր:

«Անձը հայտնաբերված է, զենքը հայտնաբերված է, մարդը կալանքի տակ է: Վարդան Ղուկասյանի տղան ընդամենը եղել է խմբի մեջ: Նա որեւիցե ակտիվ մասնակցություն չունի այս հանցագործության կատարման մեջ», - հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Ոստիկանությունը բացահայտել է նաեւ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկելու միջադեպը: Ոստիկանապետը հերքեց, թե միջադեպը կապ ունի Մնացականյանի մասնագիտական գործունեության, առավել եւս՝ Հրանտ Վարդանյանի որդու հետ: Ըստ Ալիկ Սարգսյանի, երիտասարդ հանցագործները Մնացականյանին շփոթել են այդտեղ ապրող աղջիկներից մեկի հոր հետ:

Ալիկ Սարգսյանը ասուլիսում ներկայացրեց նաեւ հանցագործությունների բացահայտման ընթացիկ ցուցանիշները: Այժմ այն կազմում է 84,7 տոկոս, նախորդ տարվա 75 տոկոսի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG