Մատչելիության հղումներ

«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Նելսոն Զաքարյանը հինգշաբթի առավոտյան արգելել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը իր պաշտպանյալին հանձնի այսօր լույս տեսած օրաթերթերը: ԼՐԱՑՎԱԾ

Մուրադյանը, ով այսօր հանդիպել է Փաշինյանին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Հանդիպման ավարտից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է գնար, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատակիցները հայտնեցին, որ թերթերը չեն թույլատրում, որպեսզի նա իր հետ տանի: Փորձեցի հասկանալ, թե ինչն է պատճառը, հանդիպեցի պետի հետ, պարոն Զաքարյանի հետ: Ինձ հայտնեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ում իր մասին հոդված է գրել, այդ իսկ պատճառով նա չի թողնում, որպեսզի «Հայկական ժամանակ» օրաթերթը, ինչպես նաեւ մյուս օրաթերթերը՝ «Առավոտ»-ը եւ «Հրապարակ»-ը, Նիկոլ Փաշինյանը տանի իր մոտ խուց»:

Փաստաբանի հետ զրույցից հետո Զաքարյանը խոստացել է, որ Փաշինյանը կստանա երկու թերթ:

«Ես փորձել եմ հասկանալ, թե ինչն է պատճառը, որ օրենքից է դա բխում, [Նելսոն Զաքարյանը] պատճառաբանել է, որ հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն, այդ թերթերը պետք է հանձնի հիմնարկի վարչակազմը: Ինքը ասաց՝ ես կուղարկեմ հիմա այն թերթերը, որոնք ստանում է հիմնարկը՝ «Հայաստանի Հանրապետությունը» եւ «Առավոտ»-ը», - փոխանցեց Մուրադյանը՝ հավելելով, որ նախքան Նելսոն Զաքարյանի ուշադրությանն արժանացած հոդվածի լույս տեսնելը Փաշինյանն առանց որեւէ խոչընդոտի գրեթե ամեն օր ստանում էր թերթերը:

Այնուհետեւ փաստաբանը փորձել է դիմումին կցել թերթերն ու այդպես ուղարկել, սակայն պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի պետը մեկ այլ արգելք է սահմանել՝ չընդունել որեւէ դիմում. - «Պետը կանչեց
իր աշխատողներին, ու իմ ներկայությամբ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տիգրան Մուրադյանից որեւէ թերթ չընդունեք, որեւէ դիմում չընդունեք: Այնուհետեւ ինձ հայտնել է, որ՝ տար պոչտայով ուղարկի»:

Փաստաբանը պատրաստվում է դիմումներ հասցեագրել Մարդու իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության նախարարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG