Մատչելիության հղումներ

logo-print

Տասներեքամյա տղան կարող է դատապարտվել Էրդողանին վիրավորելու համար


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ 13-ամյա Մուստաֆայի միջեւ վիճաբանությունը դատական գործի է վերաճել։ Տասներեքամյա տղան կարող է դատապարտվել երկրի վարչապետին վիրավորելու համար: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան առնվազն 1 տարվա ազատազրկում է սպառնում:

Թուրքական «Ռադիկալ» թերթը գրում է, որ Այդին նահանգում, այն պահին, երբ Ռեջեփ Էրդողանի ավտոմեքենան անցնելիս է եղել, տղան գոռացել է. - «Ալլահն անիծի քեզ»:

Դատախազությունը դա որակել է «վիրավորանք՝ պաշտոնական պարտականությունները կատարելիս», քանի որ Էրդողանը անցնելիս է եղել իր ծառայողական ավտոմեքենայով։

Տղայի փաստաբանը բողոք է ներկայացրել Էրդողանի դեմ։ Նա պատմել է, որ երբ տղան գոռացել է Էրդողանի հետեւից, վարչապետը թիկնապահներին կարգադրել է իր մոտ բերել նրան: Մուստաֆան Էրդողանին ասել է, թե նրան մեղադրում է իր հոր սնանկանալու մեջ:

«Իմ հաճախորդին տարել են մի ավտոբուս, որտեղ կասկածյալը, ով իմ հաճախորդի բացականչությունը որպես վիրավորանք է ընդունել, նրան հարցրել է, թե ինչու նա այդպիսի բան արեց», - թերթին ասել է տղայի փաստաբանը` կասկածյալ ասելով նկատի ունենալով երկրի վարչապետին:

Փաստաբանը շարունակել է. - «Իմ հաճախորդն ասել է, որ չի սիրում նրան։ Այդ ընթացքում կասկածյալը ձեռքով բռնած է եղել տղայի վզից: Հետո կասկածյալը սեղմելով նրա վիզը հետ է հրել ու թիկնապահներին ասել, որ նրան դուրս շպրտեն»։

Տասներեքամյա Մուստաֆայի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պահանջելով գործ հարուցել Էրդողանի դեմ` տղայի վրա հարձակվելու մեղադրանքով:
XS
SM
MD
LG