Մատչելիության հղումներ

logo-print

Աֆղանստանցի ավելի քան 17 միլիոն ընտրողները օգոստոսի 20-ին` երկրի պատմության մեջ երկրորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կստանան: Թալիբան շարժման ղեկավարները սպառնացել են զինված հարձակումների միջոցով տապալել քվեարկության բնականոն ընթացքը:

Քաբուլում, սակայն, վերջին օրերին ավելի հաճախ քննարկվում են նախագահության թեկնածուների վարկանիշները: Աֆղանական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ մի շարք սոցիոլոգիական ծառայություններ երկրի տարբեր շրջաններում հարցումներ են անցկացրել՝ փորձելով ճշտել, թե առաջադրված թեկնածուներից ովքեր են, որ հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունեն:

Ինչպես եւ սպասվում էր, ընտրարշավի առաջատարը գործող նախագահ Համիդ Քարզայն է: Նրա օգտին, ըստ սոցհարցումների, պատրաստ է քվեարկել ընտրողների առնվազն 45 տոկոսը՝ առավելապես երկրի հարավային` փուշտուններով բնակեցված շրջաններում:

Քարզայի հիմնական հակառակորդը` նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան, սոցիոլոգների կարծիքով կստանա քվեների մոտ 25 տոկոսը: 49-ամյա Աբդուլան ծնվել եւ կյանքի մի զգալի մասը անց է կացրել երկրի հյուսիսային` տաջիկական շրջաններում, ուստի այստեղ նրա հաջողությունը գրեթե երաշխավորված է: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբդուլայի հայրն ազգությամբ փուշտուն է, պարզ է դառնում, որ նախկին արտգործնախարարի օգտին կքվեարկեն նաեւ երկրի հարավում:

Ընդհանուր առմամբ, սոցիոլոգները չեն բացառում, որ Քարզային կհաջողվի կրկնել 2004 թվականի նախագահական ընտրությունների արդյունքը, երբ նա ստացավ քվեների 55 տոկոսը եւ հաղթեց արդեն առաջին փուլում: Այդ դեպքում, ըստ Քաբուլում աշխատող արեւմտյան լրագրողների, իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջին դեպքում ընդդիմությունը կարող է հայտարարել, որ ընտրությունները կեղծված էին, եւ փորձել իշխանության հարցը լուծել հանրահավաքների միջոցով: Դա քիչ հավանական է համարվում, քանի որ ընդդիմության թեկնածու Աբդուլա Աբդուլան արդեն իսկ հայտարարել է, որ իր կողմնակիցներին փողոց դուրս գալու կոչով չի դիմի: Երկրորդ տարբերակը, որը ըստ վերլուծաբանների՝ ավելի հավանական է, Քարզայի համոզիչ հաղթանակն է` առավելապես տեղական դաշտային հրամանատարների անվերապահ աջակցության շնորհիվ:

Աֆղանստանում այսօր լուրեր են պտտվում, որ Քարզայը նախարարական պորտֆելներ է խոստացել առավել ազդեցիկ դաշտային հրամանատարներին` ընտրություններում իր օգտին բավարար քվեներ ապահովելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG