Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնաբանում են Վրաստանի դուրս գալը ԱՊՀ-ից


«Վրաստանի դուրս գալը ԱՊՀ-ից նշանակում է, որ այդ կազմակերպության կառույցները սկսում են փլուզվել», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Ըստ քաղաքագետի, այսօր էլ ԱՊՀ-ի կառույցները գործում են գերազանցապես ֆորմալ առումով, ստորագրված փաստաթղթերի մեծ մասը իրականում չի աշխատում, եւ այս ամենի լույսի ներքո Վրաստանի դուրս գալը ԱՊՀ-ից նշանակում է, որ կազմակերպությունը բռնել է քայքայման ուղին։

«Ես չեմ բացառում, որ մոտ ժամանակներս նույն Ուկրաինան սկսի անցկացնել նույն պրոցեդուրան: Պարզ երեւում է, որ ԱՊՀ-ի շրջանակներում չեն համընկնում մի շարք երկրների շահերը», - ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը այլ կարծիքի է։ Նրա համոզմամբ, ԱՊՀ հետագա գործունեության հարցը չի կարելի կապել կազմակերպության անդամ-երկրներից մեկի դուրս գալ-չգալու հետ։ Քաղաքագետի ներկայացմամբ՝ ճիշտ է ԱՊՀ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մեծ մասը շարունակում է մնալ թղթի վրա, բայց փաստն այն է, որ կազմակերպության անդամ երկրների գերակշիռ մասը այսօր էլ ավելի նպատակահարմար են համարում մնալ ԱՊՀ-ի կազմում, քան թողնել այն։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ԱՊՀ-ն լքելու մասին Վրաստանի որոշումը հատկապես ուշագրավ է այն առումով, որ մոտակա հեռանկարում Թբիլիսին քիչ հնարավորություն ունի անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչն էլ հանգեցնելու է նրան, որ ԱՊՀ-ից դուրս հայտնված Վրաստանը ձգտելու է ավելի շատ կենտրոնանալ հարազատ տարածաշրջանի ուղղությամբ։

«Վրաստանը սկսում է հասկանալ, որ պետք է այս տարածաշրջանում իր համար դերակատարում գտնի։ Ի տարբերություն վրացական նախկին քաղաքականության, երբ Թբիլիսին ցանկանում էր թողնել նաեւ Հարավային Կովկասը, որեպսզի միանա ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, այսօր Թբիլիսին սկսել է հասկանալ, որ իր ապագան գտնվում է այս տարածաշրջանում` Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին։ Բայց նույնիսկ այժմ, երբ Վրաստանը թողեց ԱՊՀ-ն, այն իր համար դեռ պետք է մշակի Ռուսաստանի ու Հարավային Կովկասի հետ սեփական հարաբերությունների ռազմավարությունը», - ասաց նա։

Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, հարավկովկասյան փոխդասավորվածության եւ հատկապես` Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը մեզ համար նախ եւ առաջ պետք է նշանակի, որ Հայաստանն այլեւ չունի ընդհանուր սահման կազմակերպության անդամ երկրների հետ։

Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, Վրաստանի դուրս գալը ԱՊՀ-ից գոնե տեսանելի հեռանկարում դժվար թե ինչ-որ խնդիրներ առաջացնի Հայաստանի անվտանգության ապահովման համար։

«Այսպես, թե այնպես ռուս-վրացական սահմանը փակ էր մեզ համար, եւ չի կարելի ասել, թե կազմակերպությունից Վրաստանի դուրս գալով մենք կորցրեցինք ԱՊՀ-ի հետ մեր ընդհանուր սահմանը»,- նշեց քաղաքագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG