Մատչելիության հղումներ

Իրանում կալանավորված լրագրողների կյանքին վտանգ է սպառնում


«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) կազմակերպությունը օգոստոսի 18-ին հրապարակած իր հայտարարության մեջ նշում է, որ իրանցի կալանավորված լրագրողների կյանքը վտանգված է եւ նրանք եւս բանտերում կտտանքների են ենթարկվում, ինչպես նախագահական ընտրություններից հետո բոլոր ձերբակալվածները:

Իրավապաշտպան կազմակերպությունը հատկապես անհանգստացած է Քիվան Սամամի Բեհբանիի եւ Հենղամեհ Շահիդիի դեպքերով, քանի որ նրանք իրենց ձարբակալության պահից գտնվում են մենախցերում եւ ենթարկվում են ուժեղ ճնշումների:

Բեհբանին իրանական անկախ Nameh («Նամակ») շաբաթաթերթի նախկին խմբագիրն է, այժմ ՝ ազատ լրագրող: Նա հնարավորություն չի ունեցել իր ընտանիքի հետ կապ հաստատել հունիսի 13-ին իր ձերբակալությունից ի վեր:

Հունիսի 29-ին ձերբակալված Շահիդիի մայրը միայն մեկ անգամ է հնարավորություն ունեցել այցելել իր դստերը՝ օգոստոսի 13-ին, եւ ասում է, որ խիստ մտահոգված է իր դստեր առողջական վիճակով, քանի որ նա սրտի հետ լուրջ խնդիրներ ունի:

Իր հայտարարության մեջ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը տեղեկացնում է նաեւ մի քանի լրագրողների ազատ արձակման մասին՝ նշելով սակայն, որ այդ դեպքերը պայմանական են, եւ որ յուրաքանչյուր պահի լրագրողները կարող են կրկին ազատազրկվել:

Կազմակերպությունը եւս մեկ անգամ եւս հայտարարել է, որ դատապարտում է Իրանի իշխանությունների կողմից տպագիր մամուլի նկատմամբ իրականացվող գրաքննությունն ու հետապնդումները՝ մատնանշելով նման վերջին դեպքը. երեկ լույս չի տեսել նախագահի նախկին թեկնածու Մեհդի Քարուբիի Etemad-e Melli թերթը: Դատախազությունը տեղեկացրել է, որ օրաթերթի տպագրությունը դադարեցվել է անորոշ ժամկետով՝ ազգային անվտանգությանը սպառնացող հոդվածներ հրապարակելու համար:

Անցած երկու ամիսներին Etemad-e Melli թերթը միայն մի քանի անգամ է տպագրվել՝ այն էլ դատարկ էջերով, քանի որ հոդվածները արգելվել էին:

«Իրանի դատախազությունը վերահսկում է բոլոր թերթերը ընտրությունների օրվանից սկսած», - հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG