Մատչելիության հղումներ

Ամփոփվեց «Աուդիո օրագրեր» ծրագիրը


2002 թվականից բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ Հարավային Կովկասում իրականացվել է «Աուդիո օրագրեր» կոչվող ծրագիրը, որի պատասխանատուները չորեքշաբթի օրը Երեւանում հանդիպեցին լրագրողներին՝ ամփոփելով կատարած աշխատանքը:

Ծրագրին մասնակցել են Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Հայաստանը, Ադրբեջանն ու Արցախը: Էությունը հետեւյալն էր՝ հնարավորություն տալ սովորական մարդկանց, ովքեր երբեք ռադիո եւ հեռուստաեթերում տեղ չեն կարող ունենալ, ներկայացնել իրենց կյանքում տեղի ունեցած հետաքրքրիր, զուտ մարդկային պատմությունները: Քաղաքականությունից հեռու այս մարդկանց պատմությունները այնուհետեւ հնչում են հենց հակառակորդ երկրի ռադիոեթերում:

Ծրագրի շրջանակներում մինչեւ 2007 թվականը շուրջ 2000 աուդիո օրագիր է հավաքվել, որ նաեւ մեր տարածաշրջանի ու մեր ժամանակաշրջանի վավերագրությունն է:

Ծրագրի պատասխանատուների խոսքով, եթե վերանում ես ազգամիջյան հարցերից, ամենուրեք նույն հոգսերն են, նույն խնդիրները եւ դրանց լուծման փնտրտուքը: Ծրագրում ներառված լրագրողները ոչ միայն հազարավոր մարդկանց հետ են զրուցել, առանձնացրել ուշագրավ պատմությունները, հեռարձակել դրանք, այլեւ դրանցից ամենահետաքրքիրներն ամփոփել են առանձին տպագիր ժողովածուներում, որոնցից երրորդն ու այս ծրագրով նախատեսված վերջինը՝ «Տղամարդիկ եւ կանայք. Չհորինված պատմություններ« (ռուսերեն) այսօր ներկայացվեց լրագրողներին:

«Մենք փորձել ենք գրքում զետեղել ամենահանդուրժող պատմությունները, որտեղ ոչ մի ագրեսիա չկա, քանի որ սա խաղաղարար ծրագիր էր, որի նպատակն էր հակամարտող երկրներին հնարավորություն տալ միմյանց լսել՝ թեկուզ առանց իրար տեսնելու: Լսել եւ հասկանալ, որ սովորական մարդիկ ամենուրեք նույն հոգսերն ու խնդիրներն ունեն եւ կարող են երկխոսության գնալ եւ, ինչո՞ւ չէ, միմյանց հասկանալ», - ասաց ծրագրի ղեկավար Թամարա Բալավաձեն:

Պատասխանատուների խոսքով, որոշ բարդություններ էլ եղել են, քանի որ ոչ քաղաքական նպատակներ հետապնդող այս ծրագիրը, այնուամենայնիվ, քաղաքական հնչողություն նույնպես ստացել է: Օրինակ, Ադրբեջանում սկզբում հայկական աուդիո օրագրերը չեն հեռարձակվել:

«Ամենակարեւորը այս ծրագրում կենդանի ձայնն ու կենդանի խոսքը ներկայացնելն է, եւ Ադրբեջանում երեք տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ որեւէ ռադիոկայան կհեռարձակի հայերեն խոսքը՝ նույնիսկ ադրբեջաներեն թարգմանության ներքո», - ասաց Բալավաձեն: - «Միայն որոշ ժամանակ անց հնարավոր եղավ դա անել՝ միայն ադրբեջաներեն թարգմանությամբ»:

Հայաստանում արդբեջանական աուդիո օրագրերը հնչել են ռուսերեն՝ «Իրական պատմություններ» խորագրի ներքո Հանրային եւ «Վան» ռադիոընկերությունների եթերում: Դրանք հեռարձակվել են նաեւ Արցախում:

«Սովորական պատմություններ են, որոնք իրական, ոչ ստեղծովի ժողովրդական դիվանագիտության հիմք կարող են դառնալ», - ասաց Հայաստանում ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Մանվելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG