Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի


Էրեբունու քննչական բաժանմունք ներկայացող Մարիամ Սուխուդյանը ողջունում է իր աջակիցներին, 19 օգոստոսի, 2009 թ.
Էրեբունու քննչական բաժանմունք ներկայացող Մարիամ Սուխուդյանը ողջունում է իր աջակիցներին, 19 օգոստոսի, 2009 թ.

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց հավաքված մի խումբ երիտասարդներ չորեքշաբթի ակցիա էին կազմակերպել՝ իրենց բողոքն արտահայտելով երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի դեմ:

Ցուցարարները պաստառներ էին պարզել՝ «Հայաստանում պատժում են ահազանգ հնչեցնողներին», «Պատժել մեղավորներին», «Լռությունն հանցագործություն է» մակագրություններով։ Ոստիկանության աշխատակիցները փորձեցին ցրել ակցիան, սակայն ցուցարարները հրաժարվեցին հեռանալ, քանի դեռ Մարիամը դուրս չէր եկել բաժնից:

Մարիամը իր փաստաբան Նոնա Գալստյանի հետ բաժնից դուրս եկավ շուրջ երկուեւկես ժամ անց եւ հայտնեց, որ օգտվել է ցուցմունք տալուց հրաժարվելու իր իրավունքից:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին, «աբսուրդ» որակեց Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործը:

«Ես համոզված եմ, որ նա հենց այնպես այդպիսի բան չէր ասի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իշխանյանը: - «Որեւէ սուտ մատնության այստեղ չկա՝ սրտի ցավով է ասել, որպեսզի իրավիճակը շտկվի»:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի պդնմամբ, սա «ընդամենը հերթական հետապնդումն է հերթական ակտիվիստ երիտասարդի նկատմամբ:. - «Մեր երկրում, ըստ երեւույթին, ակտիվ քաղաքացիները այնքան էլ չեն քաջալերվում: Մեկ առ մեկ կարծես փորձում են այս կամ այն հոդվածով վերացնել այդպիսի քաղաքացիներին: Եվ Մարիամը պարզապես նրանցից մեկն է՝ հերթականը»:

Այսօր հայտարարություն են տարածել Հարավկովկասյան իրավապաշտպան ցանցի անդամ մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ:

«S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը այսօր երկրորդ անգամ էր հրավիրվել Էրեբունու քննչական բաժին՝ ցուցմունք տալու իրեն առաջադրված «սուտ մատնության» մեղադրանքի գործով։

Համաձայն Էրեբունու քննչական բաժնի, 2008 թվականի նոյեմբերին Մարիամ Սուխուդյանը «շահադիտական դրդումներով սուտ տեղեկություններ է տրամադրել ԶԼՄ-ներին, թե Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարվել»։

Մարիամ Սուխուդյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները եւ ասում, որ ինքը լրատվամիջոցներին այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել` հիմք ընդունելով սաներից մեկի՝ Դիանա Ամիրխանյանի ասածները։ Իրենք տեսագրել են Դիանա Ամիրխանյանին ու տեսագրությունը տրամադրել են ԶԼՄ-ներին։ Գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին:

Ակցիա` ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի
please wait

No media source currently available

0:00 0:06:27 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG