Մատչելիության հղումներ

logo-print

Թեհրանում գործող անգլալեզու PRESS TV հեռուստաընկերության փոխանցմամբ, մի քանի ժամից Մահմուդ Ահմադինեջադը կհրապարակի կառավարության նորացված կազմը։ Այն, որ նախարարական կաբինետում կադրային փոփոխությունները քիչ չեն լինի, պարզ դարձավ կիրակի օրը, երբ Ահմադինեջադը հրապարակեց նախարարներից մի քանիսի անունները։

Ամենամեծ անակնկալը, որ հանրությանը մատուցեց Իրանի նախագահը` կին նախարարների առկայությունն էր։ Ահմադինեջադը հայտարարեց, թե ապագա կառավարության կազմում երեք կին նախարար է լինելու։

Իսլամական Հանրապետության ղեկավարը, սակայն, հրապարակեց նրանցից միայն երկուսի անունները։ Այսպես, նոր կառավարությունում սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը կստանձնի պահպանողական հայացքներով հայտնի խորհրդարանական Ֆաթմե Արջորլուն։ Առողջապահության նախարարի պաշտոնում Ահմադինեջադը առաջադրել է Մարզիե Վահիդ Դասթերջիին, ով եւս նախկինում պատգամավոր է եղել, իսկ այժմ դասավանդում է Թեհրանի բժշկական համալսարանում։

Թե ով է լինելու երրորդ կին նախարարը, եւ որ ոլորտի համար է նա պատասխանատու լինելու առայժմ հստակ չէ։

Վերջին անգամ Իրանի կառավարության կազմում կին նախարար է ընդգրկված եղել 70-ականների վերջին` շահ Ռեզա Փեհլեւիի օրոք։ Կին նախարարների առկայությունը, սակայն, Ահմադինեջադի շրջապատում միանշանակ չի ընկալվում։ Պահպանողական ճամբարի առանցքային դերակատարներից մեկը` խորհրդարանի անդամ Ահմադ Թավաքոլին, լրագրողների հետ զրույցում կանխատեսել է, թե Ահմադինեջադի ներկայացրած թեկնածուների մի մասին Մեջլիսը չի հաստատի։

«Նախագահի հրապարակած ցանկում մարդիկ կան, որոնք մեկ օր անգամ գործադիր իշխանությունում չեն աշխատել», - նշել է Թավաքոլին` նախեւառաջ նկատի ունենալով հենց կին թեկնածուներին։

Բավական հակասական են տեղեկությունները ապագա արտաքին գործերի նախարարի նշանակման հետ կապված։ «Մեհր» լրատվական գործակալությունը, լավատեղյակ աղբյուրները վկայակոչելով, տեղեկություն է տարածել, թե Մանուչեր Մոթաքին շարունակելու է պաշտոնավարել որպես արտգործնախարար։ Այլ աղբյուրներ պնդում են, թե Մամհուդ Ահմադինեջադը արտգործնախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել միջուկային հարցերով իր հատուկ բանագնացին` Սայեդ Ջալիլիին։ Արեւմուտքում մտավախություն կա, որ Ջալիլիի նշանակմամբ Իրանի հետ հարաբերությունները ավելի են սրվելու։ Սայեդ Ջալիլին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում կարծր մոտեցումների տեր եւ զիջումների չգնացող դիվանագետի համբավ է ձեռք բերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG